Մատչելիության հղումներ

Որևիցե մեկը մանդատը պիտի վայր չդնի, սա պլանավորված սադրանքների շարան է. Ալեն Սիմոնյան


ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ («Իմ քայլը») խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի խոսքով` այսօր տեղի ունեցած միջադեպն անընդունելի է: Միաժամանակ Սիմոնյանը չի կարծում, որ որևիցե մեկը պետք է մանդատը վայր դնի.- «Ոչ, չպետք է մանդատը վայր դնեն, որևիցե մեկը չպետք է մանդատը վայր դնի: Սասուն Միքայելյանը Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ վստահության քվեն ստացել է, իր վստահության հարցը պետք է որոշի իր ընտրողը մյուս ընտրությունների ժամանակ: Էդմոն Մարուքյանը կարող է իր մանդատը վայր դնել Անի Սամսոնյանի հետ միասին` սադրանքներ կազմակերպելու և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար»:

Ալեն Սիմոնյանի խոսքով` այս ամենը նախօրոք պլանավորած սադրանք էր.- «Մենք պետք է մի բան արձանագրենք, որ այս ամենն անմիջական կապ ունի նախօրեին հնչած սեռական բնույթի հայհոյանքի հետ, որը տեղի ունեցավ դահլիճում, կապ ունի այն օրենքների հետ, որոնք մենք ընդունել ենք: Ակնհայտ է, որ բնական է` պետք է սադրանքներին չտրվեր, հասկանալի է, բայց մայիսի 8-ով Սասուն Միքայելյանին սադրելը ես համարում եմ անընդունելի, ես համարում եմ, որ իրեն կլասիկ հռչակած քաղաքական գործիչն իրավունք չունի Ազգային ժողովի դահլիճում հայհոյանքներ հնչեցնել:

Ես պնդում եմ, որ դա նախապատրաստված սադրանք է, սադրանք է, որն ունի շարունակական բնույթ: Այսինքն՝ ընտրվել է մարտավարություն, որ սկզբից իրավիճակը դահլիճում լարվում է՝ կոնկրետ Անի Սամսոնյանի ելույթներով, որտեղ օգտագործվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են «հիստերիկ» և այլն, չեմ ուզում իջնել այդ մակարդակին և խոսել այդ բառերով:

Եվ բնական է, որ երբ ամբիոնից իջնում ես ու վրա ես քշում Սասուն Միքայելյանի վրա մայիսի 8-ի օրով և փորձում ես սադրել, մարդը կարող է նաև այդ սադրանքին չդիմանալ»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որը դադարեց նրանց գործընկերների միջամտությունից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG