Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսը ռեստորաններին ստիպում է սպասարկման նոր ուղիներ գտնել


Սոցիալական հեռավորություն, դիմակներ, զգուշավորություն, սրանք են այսօրվա իրականության կարգախոսները:

Բելգրադ, Դուբայ, Մոսկվա, Լոնդոն, Մանչեստր, Սանտա Մոնիկա, բոլոր մայրցամաքների մեծ ու փոքր քաղաքների փողոցներում, խանութներում, հանրային վայրերում և գրասենյակներում տարբեր լեզուներով ցուցանակներ՝ «Պահպանեք մեկից մեկ և կես մետր հեռավորություն», գծանշաններ մայթերին, հետիոտնի համար փողոցի ասֆալտին, խանութների միջանցքներում, հատակին, կորոնայից առանց այն էլ ընկճվածի հոգեկան լարվածությունն էլ ավելի չսրելու համար որոշ տեղերում զգուշացումներն ուղեկցվում են սրտիկով, սմայլիկով: Ցուցանակները, կարծես թե, մարդուն կուղեկցեն դեռ շատ ամիսներ կամ տարիներ:

Մի տեղ քաղաքավարի սիրալիր հորդոր է՝ «Խնդրում ենք, կանգնել միմյանցից 2 մետր հեռավորության վրա», «Այս գծված կարմիր շրջանակում կանգ առեք, շնորհակալ ենք», մի տեղ չոր հրահանգ՝ «Ստո՛պ», «Կանգնիր տեղո՛ւմ», «Գիծը չհատե՛լ», «Անցիր առա՛ջ»:

Գուցե մարդկությունը նոր դարաշրջան է թևակոխել՝ մինչև անցած տարեվերջ նախավիրուսայինն էր, հիմա կորոնավիրուսի թվարկությունն է, որը բերել է նոր էսթետիկա նույնիսկ ռեստորանների բիզնես, որը, թերևս ամենատուժած ոլորտներից է: Ճգնաժամը կվերապրի ու կծաղկի անվտանգության և սոցիալական հեռավորության նոր կրեատիվ լուծումներ առաջարկողը:

Նիդերլանդներում Ամստերդամի Mediamatic arts կենտրոնի ռեստորանն առաջարկում է ջերմոց հիշեցնող բացօթյա տաղավարներ, ապակեպստիկ բոժոժն են երկու հյուրի համար: Մատուցողները դիմավահաններով, ձեռնոցներով, պատվերը բերում են երկար սկուտեղով, ֆիզիկական շփում այցելուների հետ չկա:

«Երբ առաջին անգամ լսեցի, զարմացա, մի՞թե կարելի է, երկու մարդ դեմ առ դեմ, կարճ տարածություն, շուրջդ կորոնան է, բայց այստեղ ապահով է»,- ասել է այցելու Գուս Վելտհովենը:

«Մեկ բան կառաջարկեմ՝ ամռանը, երբ շոգ կլինի, տանիքի նման բան է պետք»,- նկատել է մեկ այլ այցելու` Կիմ Բերգենը:

Այցելուներ Ջանիտան և Բրանկոն շատ գոհ են.- «Շատ մաքուր է, հարմար, սնունդն` արտակարգ: Հաճելի է այսպես հանդիպել, տներում ենք ապրում, յուրաքանչյուրս իր կյանքով, լավ է, որ կա դուրս գալու ու մի նոր ռեստորան գտնելու հնարավորություն»:

Ռեստորանի հիմնադիր Վիլեմ Վելտհովենն ասում է, թե անձնակազմը հենց աշխատանքի ընթացքում է յուրացնում նոր գիտելիքները.- «Մենք դեռ սովորում ենք ինչպես մաքրել, սեղանից հեռացնել օգտագործված սպասքը, մատուցել ու լավագույն ձևով սպասարկել մեր հյուրերին, սա նոր մոտեցում է, դեռ շատ բան կա սովորելու»,- ասել նա:

Նիդերլանդներում դասական ռեստորանները փակ կմնան առնվազն մինչև մայիսի 19: Այս բիզնեսում գոյացել է պարապ, որը կարող են լրացնել հենց նորարարական աշխատաոճի վարպետները.- «Սա արվեստի կենտրոն է, ունենք ռեստորան, որի նպատակն է այցելուին ճաշակով սպասարկել, հյուրասեր լինել, բայց մենք նաև փորձում ենք նոր բաներ հորինել, կարծես այցելուին առաջարկում ենք խաղ խաղալ, ճաշկերույթը դարձնել էքսպերինետ»,- հավելել է Վիլեմ Վելտհովենը:

Դե իսկ Շվեդիայում, որտեղ հրաժարվել են շատ խիստ կարանտինի գաղափարից, մի զույգ ստեղծել է ռեստորան, որտեղ սոցիալական հեռավորության արժեքը դարձրել է բացառիկ և անգերազանցելի, սա, թերևս, սոցիալական հեռավորության աշխարհի ռեկորդ է: Զույգը բացել է ռեստորան, որի անունն է COVID-19-safe, թարգմանաբար՝ «COVID-19-ից ապահով»: Այստեղ ընդամենը մեկ սեղան է մեկ այցելուի համար: Այդ ռեստորանի հիմնադիր և սեփականատեր ու նաև խոհարար Ռասմուս Պերսոնը միակ այցելուին տեսնում և սպասարկում է ոչ թե երկու, այլ մի հարյուր մետր հեռավորությունից:

Հենց դաշտում` բաց երկնքի տակ մի սեղան է, մի աթոռ, լվացք կախելու պարան կամ մինիճոպանուղի հիշեցնող սարքով խոհարարը պատվիված ուտեստը հենց իր պատուհանից ուղարկում է այցելուին: Սա նորմալ ռեստորան է՝ խորտիկներ, խմիչք, առաջին, երկրորդ, վերջում դեսերտ, նա այդ ամենը դնում է զամբյուղն ու ուղարկում: Ահա և բացման օրվա հյուրը:

«Երբ գա մեր հյուրը՝ Դավիդը, նա կտեսնի գրություն և պարան, որը ձեռքում բռնած կհասնի դաշտ, որտեղ վերջանա պարանն, այնտեղ կլինի սեղանն աթոռով, նա կնստի և կստանա իր պատվերը»,- ասել է COVID-19-safe ռեստորանի հիմնադիր և խոհարար Պերսոնը:

Այս նորարարությունները կորոնավիրուսի օրերին դառնում են նորմ:

XS
SM
MD
LG