Մատչելիության հղումներ

Մի շարք երկրներում թուլացնում են կարանտինի ռեժիմը


Իտալցիներն այսօրվանից ստացան լողափ հասնելու իրավունք, Նեապոլ, 4 մայիսի, 2020թ.

Կարանտինն աշխարհում. 4 մայիսի, 2020թ.

Անտեսանելի չար վիրուսը

Մայիսի 4-ի առավոտյան դրությամբ աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 3 միլիոն 567 հազարը, մահացել է ավելի քան 248 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 1 միլիոն 157 հազար հիվանդ:

Coronavirus Disease 2019 ախտորոշման կարճ տարբերակն է Covid 19: Այն հարուցում է SARS-CoV-2 անվամբ վիրուսը, որը չափազանց փոքր է, չափը՝ 1 միլիմետրի երկուհարյուրմիլիոերորդական: Վիրուսի մակերեսեին բծավոր պոզիկներ են, որոնք թագ են հիշեցնում, դրա համար էլ այդ տեսակն անվանում են «կորոնավիրուսներ»:

Ենթադրաբար ծագելով Չինաստանում` վիրուսը հասել է 247 երկրներ և տարածքներ, դրանցից 181-ում մարդիկ են մահացել: Այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգներում մահացել է գրեթե 66 և կես հազար մարդ, Իտալիայում` ավելի քան 28 հազար 700, Մեծ Բրիտանիայում` ավելի քան 28 հազար, Իսպանիայում` ավելի քան 25 հազար:

Փաստորեն, ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի 5,82 տոկոսը մահացու է: Իսկ Բրիտանիայում կորոնավիրուսի բոլոր դեպքերի ավելի քան 15 տոկոսը մահվան ելքով է:

Այդուհանդերձ այս սարսափազդու թվերն իրականում թերևս ավելի փոքր են, քանի որ աշխարհում շատ են մարդիկ, ովքեր կարող էին վարակվել, սակայն նույնիսկ տեղյակ չլինել դրա մասին:

Հետևաբար, խոսքը ոչ թե այդ հիվանդության, այլ հաստատված դեպքերի բարձր մահացության մասին է:

«Մինչև տարեվերջ կլինի պատվաստանյութ»

ԱՄՆ-ում մահացությունը հասնում է մոտ 6 տոկոսի: Նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հույս է հայտնել, որ գիտնականները մինչև այս տարեվերջ կստեղծեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

«Մենք կկորցնենք 75, 80, ընդհուպ մինչև 100 հազար մարդ: Սա սարսափելի է, մենք նույնիսկ մեկ հոգի չպետք է կորցնեինք, դա պետք է կասեցվեր Չինաստանում: Եթե չձեռնարկեինք մեր գործողությունները, կկորցնեինք միլիոն, մեկ և կես միլիոն, նույնիսկ ավելի քան երկու միլիոն երկու հարյուր հազար», - ասել է Թրամփը:

ԱՄՆ ղեկավարը նորից պնդել է, որ չինացիները պատասխանատվություն են կրում վարակի տարածման համար․ - «Վարակը եկել է Չինաստանից, այն պետք է հենց տեղում կասեցվեր, բայց որոշեցին չանել, ինչ-որ բան էր պատահել, կամ կոմպետենտ չէին, կամ այլ պատճառ։ Եվ մենք պետք է պարզենք պատճառը, մարդիկ ահավոր վախեցած են»:

Կան տվյալներ, որ վիրուսը դուրս է եկել լաբորատորիայից

Այդ գնահատականը նաև պետքարտուղար Մայք Փոմփեոն է հնչեցրել: Նրա փոխանցմամբ, Չինաստանի կոմկուսը կարող էր կանխել աշխարհը պատուհասած այս համավարակը:

ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև կրկնել է վիրուսի և Ուհանի կենսաբանական լաբորատորիայի միջև կապի մասին թեզը․ - «Մենք ունեք հստակ ապացույցներ առ այն, որ վիրուսը դուրս է եկել Ուհանի լաբորատորիայից»:

Չինական կողմը բոլոր մեղադրանքները կտրականապես հերքում է:

«Սա արդեն ուրիշ կյանք կլինի»

Իտալիան արդեն մեղմում է սահմանափակումները: Այսօր շուրջ չորս և կես միլիոն իտալացիներ երկարատև կարանտինից հետո վերջապես ստացան աշխատանքի գնալու հնարավորություն:

Ընտանիքները վերամիավորվում են, մարդիկ հանգիստ դուրս են գալիս փողոցներ: Վերաբացվում են հանրային այգիները: Կա երկու պահանջ՝ պահպանել սոցիալական հեռավորությունը և հանրային վայրերում դիմակ կրել:

«Մի քիչ վախեցած եմ, նորմալ կյանք չի լինի, սա ուրիշ կյանք կլինի։ Կարծում եմ՝ բոլորի համար», - ասել է Պեսկարա ավանի բնակիչ Սիլվիա Պոլետոն:

Իտալիայում կարանտինը յոթ շաբաթ է տևել: Համավարակի զոհ է դարձել մոտ քսանինը հազար մարդ: Դպրոցները, կինոթատրոնները և հանրային նշանակության այլ հիմնարկներ մինչև մայիսի 18-ը փակ կմնան:

Ֆրանսիացիներն ու գերմանացիները կարող են միմյանց այցելել

Ֆրանսիան և Գերմանիան այսօրվանից բացել են սահմանային տասնմեկ անցակետերից երկուսը: Դրանցից մեկը գերմանական Վինտերսբերգ և ֆրանսիական Բենհայմ բնակավայրերի սահմանին է:

Ֆրանսիայում քսան տարի բնակվող գերմանուհի Հայդի Կրոնիմուսն ասում է, թե համավարակը զսպելու ֆրանսիացիների կոշտ մոտեցման աջակից է:

«Մարդիկ Գերմանիայում ավելի հաճախ են խախտում կարանտինի պահանջները, որովհետև օրենքը շատ մեղմ է: Ֆրանսիայում ձեռնարկված միջոցներն ավելի խիստ էին և ճիշտ», - ասել է նա։

«Ես կնախընտրեի, որ սահմանափակումներն ուժի մեջ մնային առնվազն մինչև տարեվերջ», - ասել է գերմանացի Կարլ-Հայնց Դրոստենը:

Վարչապետ Անգելա Մերկելը վերջերս ասել է, որ չի կարելի միանգամից չեղարկել բոլոր սահմանափակումները, քանի որ դրա հետևանքով կառաջանա համավարակի երկրորդ ալիքը, և դա կստիպի նորից դիմել խստացումների, որոնք արդեն մեծ վնաս են հասցրել տնտեսությանը:

XS
SM
MD
LG