Մատչելիության հղումներ

Պրեմիեր Լիգան այսօր որոշում է՝ երբ և ինչպես վերսկսել մրցաշարը


Մեծ Բրիտանիա - Ֆուտբոլային հանդիպում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, արխիվ
Մեծ Բրիտանիա - Ֆուտբոլային հանդիպում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, արխիվ

Անգլիական Պրեմիեր Լիգան այսօր կորոշի` երբ և ինչպես են վերսկսելու մրցաշարը, որը դադարեցվել էր մոտ երկու ամիս առաջ՝ մարտի 13-ին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Ըստ BBC-ի, պատասխանատուներն առաջարկում են խաղերը սկսել հունիսի սկզբից, դրանք անցկացնել փակ դահլիճներում՝ առանց հանդիսատեսի: Ավելին, որպեսզի երկրպագուները չխմբվեն մարզադաշտերի մոտ՝ խախտելով անվտանգության նորմերը, առաջարկվում է հանդիպումները կազմակերպել «չեզոք» մարզադաշտերում:

Մի շարք ակումբներ, սակայն, դեմ են այդ առաջարկին: «Մեզ դժվարին քննարկումներ են սպասվում», - հանդիպումից առաջ ասել է լոնդոնյան «Քրիսթըլ Փելիս» ակումբի նախագահ Սթիվ Փերիշը, հավելելով. - «Որքան էլ սիրենք ֆուտբոլը, ամենակարևորը մարդկանց կյանքն է ու առողջությունը»:

BBC-ի հաղորդմամբ, խաղերը վերսկսելու հարցում միասնական չէ նաև ֆուտբոլիստների առողջությանը հետևող բժիշկների դիրքորոշումը: «Մի մասը պնդում է,որ հնարավոր է, մյուսների համոզմամբ, մինչդեռ, անհնար է այս պայմաններում առաջնությունը շարունակել», - ասել է ոլորտի բժիշկներին ու մասնագետներին միավորող ընկերակցության նախագահ Էամոն Սալմոնը:

Գերմանական փորձը է՛լ ավելի է խորացրել առկա մտահոգությունները: Բունդեսլիգան հայտարարել էր, թե պատրաստվում է վերսկսել խաղերը մայիսի 16-ից: Այդ ծրագիրը, այդուհանդերձ, չմեկնարկած՝ արդեն հայտնվել է կասկածի տակ, երբ Դրեզդենի «Դինամո»-ի խաղացողներից առնվազն երկուսի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, և ողջ ակումբն ուղարկվել է 14-օրյա մեկուսացման: Ըստ ժամանակացույցի, մինչդեռ, նրանք պետք է հաջորդ կիրակի հանդիպեին «Հանովեր 96»-ի հետ:

Նոր վիրուսը չի շրջանցել նաև իսպանացի ֆուտբոլիստներին, երեկ Լա Լիգան պաշտոնապես հայտարարեց, որ հինգ խաղացողների մոտ թեստի պատասխանը դրական է եղել, բոլորն էլ այժմ գտնվում են մեկուսացման մեջ և մարզադաշտ կարող են վերադառնալ միայն այն ժամանակ, երբ թեստի պատասխանը կլինի բացասական: Անուններ պաշտոնյաները չէին նշել, «Ռեալ Սոսիեդադ»-ի դարպասապահ Ալեքս Ռեմիրոն, մինչդեռ, տեղեկացրել է՝ հինգից մեկը ինքն է, գտնվում է տանը: «Հուսով եմ՝ շուտով կվերադառնամ խաղադաշտ, մինչ այդ ստիպված եմ մարզվել տնային հեծանիվի վրա», - գրել է նա Թվիթերում:

Իսպանական ակումբները վերսկսել են մարզումները անցած շաբաթավերջին, երբ կառավարությունը սկսեց մեղմել կարանտինային նորմերը: Առաջնությունը միաժամանակ հայտարարել է, որ ուշի ուշով հետևելու է անվտանգության նորմերին՝ վարակի տարածումը կանխելու համար, և եթե ամեն ինչ ընթանա ըստ նախագծված սցենարի, Լա Լիգայի խաղերը կվերսկսվեն մինչև հունիս: Կրկին՝ առանց երկրպագուների:

XS
SM
MD
LG