Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսը լուրջ փոփոխություններ է բերում


Կորոնավիրուսի հետևանքով դատարկ գրասենյակ:

Հեռավար աշխատանքը կորոնավիրուսի ժամանակի սիմվոլ

Աշխարհը պատուհասած կորոնավիրուսն իր հետ լուրջ փոփոխություններ է բերում և գործնականում ինչ-որ առումով արագացնում է ապագան: Ողբերգությունից և տնտեսական ավերից զատ, այդ վիրուսը նաև պարտադրում է որդեգրել նոր աշխատաոճ, ավելի մեծ տեղ տալ վիրտուալին, հեռավար աշխատանքին, ուսուցմանը, ժամանցին, նույնիսկ մշակույթին ու սպորտին:

Մեծ շենքերում հսկայական տարածքներ վարձած տարբեր ընկերությունների բազմաթիվ աշխատողներ այս ամիսներին տանից են աշխատում:

Հերթապահության կարգով հիմնարկ են գալիս միայն նրանք, ովքեր այդ օրն ունեն կոնկրետ և անհետաձգելի առաքելություն, որը հնարավոր չէ կատարել հեռավար մեթոդով և պահանջում է աշխատողի ֆիզիկական ներկայությունը:

Ընդ որում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում, ամենուր այդ մարդիկ պարտավորվում են սոցիալական հեռավորություն պահպանել և դիմակներ կրել:

Հեռավարի հիմնական իմաստն է նվազագունի հասցնել շփումները և այդպես զսպել վարակի տարածումը:

Վերադարձ անցյալին չի լինի

Շատ երկրներ արդեն սկսել են թուլացնել սահմանափակումները: Անշարժ գույքի բիզնեսում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ Cushman & Wakefield-ի մասնագետները համոզված են, որ համավարակից հետո հետդարձ անցյալին չի լինի:

Միակողմանի միջանցքներ, կոնկրետ աշխատողի շուրջն անվտանգության գոտիների սահմանում, թեկուզ կարպետի վրա նշված գունավոր գծերի ձևով, պլաստիկից թափանցիկ պատնեշ՝ լուծումները շատ են:

Դեռ տարիներ առաջ արդիական օֆիսի պատկերն այս էր՝ մեծ տարածք, գրեթե կողք-կողքի նստած մի քանի տասնյակ կամ հարյուրավոր ծառայողներ, փոքր առանձին սենյակում՝ նրանց աշխատանքը կարգավորող ղեկավար:

Մարդիկ խոսում, զանգահարում են, համակարգիչներն աշխատում են, ստեղծագործական աղմուկ է, կա սրճարան, նույնիսկ հանգստի սենյակ:

Այդ պատկերը, ըստ Cushman & Wakefield-ի փորձագետների, աստիճանաբար կանհետանա:

Ընկերության գործադիր տնօրեն Բիլ Նայթլիի համոզմամբ, ոչ ամենաթանկ միջոցներով՝ գորգի գույներով, գծանշաններով, ցուցանակներով, ապագայում կսկսեն ապահովել կոնկրետ աշխատողի անհատական տարածքը:

«Հատուկ պլեքսիգլասից թափանցիկ պատնեշը կպաշտպանի հարևանի հազից ու փռշտոցից: Գետնի վրա գծանշանները ցույց կտան մուտքի և ելքի ուղիները, դրանք այնպես են գծվելու, որ աշխատողները դեմ առ դեմ չհանդիպեն»,վ- ենթադրում է Նայթլին:

Քորնուելի համալսարանի պրոֆեսոր Բրադ Բելլի կարծիքով, ինչ-որ իմաստով դա կլինի նահանջ այն թեզից, որ մեծ բաց օֆիսային լուծումը խթանում է թիմային աշխատանքը և գործընկերների սոցիալական կապը:

Պրոֆեսորի համոզմամբ, ոչ հեռու այդ ապագայի օֆիսներում աշխատողների մեծ թիվ չի լինի:

«Հեռավար աշխատանքն արդյունավետ է»

«Կարծում եմ, շատ ընկերությունների ղեկավարներ կհասկանան, որ գուցեև հեռավար աշխատանքն ավելի մեծ ճկունություն է ապահովում: Մեծ ընկերությունների որոշ ղեկավարներ ինձ ասել են, որ հեռավար կարգով արդյունավետությունը բարձր է մնում, մարդիկ նույնիսկ ավելի լավ են աշխատում», - ասել է պրոֆեսորը:

Ջերմաչափում հիմնարկ մտնելու համար

Բայց, իհարկե, կլինի նաև հիմնարկում աշխատող ծառայողների հստակ թիվ, նրանց համար, ըստ մասնագետների, վերադարձն օֆիս մի քիչ ավելի բարդ կլինի:

Այդ ոչ հեռավոր ապագայում նախ հենց մուտքի մոտ աշխատողին պետք է ջերմաչափեն: Գուցե կստեղծվեն վարակի առկայությունը ցույց տվող ինչ-որ այլ սարքեր:

Հրաժեշտ ձեռքով բարևելո՞ւն

Շատ բան կփոխվի նաև օֆիսներում մարդկային փոխհարաբերություններում, կվերանայվի աշխատանքային էթիկան, գործնականում մարդիկ կդադարեն ձեռքով իրար բարևել:

Ֆիզիկական շփումը նվազագույնի կհասցվի: Ընդ որում՝ նաև աշխատանքից դուրս․ նոր մեթոդներ, նոր լուծումներ կգտնեն ռեստորանները, թատրոնները, սրճարանները:

Դիմակը՝ սովորական երևույթ

Հանրային վայրերում դիմակ կրելը Եվրոպայում կամ Ամերիկայում կդառնա նույնքան ընդունված և զարմանք չհարուցող, որքան ասիական երկրներում է: Այդպիսին կարող է լինել տեսանելի ապագան, և այս վիրուսն ամեն ինչ արեց, որ արագացնի դրա գալուստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG