Մատչելիության հղումներ

Մայքլ Ֆլինի քրեական գործը կարճվում է


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը, Վաշինգտոն, 10-ը սեպտեմբերի, 2019թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը, Վաշինգտոն, 10-ը սեպտեմբերի, 2019թ.

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարճել է նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Ֆլինը պաշտոնն ազատել է 2017 թվականին՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հանդիպման մասին կեղծ տեղեկություններ է հայտնել փոխնախագահ Մայք Փենսին:

Ֆլինն այդ հարցով սուտ տեղեկություններ է տվել նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին:

ԱՄՆ արդարադտության նախարարությունը երեկ հայտարարել է, որ կարճում է գործը «դրանում ներառված բոլոր փաստաթղթերի և հանգամանքների մանրակրկիտ վերլուծությունից հետո»:

Ֆլինը նախ ընդունել է մեղքը և համագործակցել է հետաքննության հետ, սակայն հետագայում փոխել է փաստաբաններին և պնդել է, որ անմեղ է: Նա ասել է, թե մեղքն ընդունել է նախկին փաստաբանների պնդմամբ:

Մայքլ Ֆլինը 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների միջամտության հարցով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի վարած քննության կապակցությամբ աշխատանքից ազատված առաջին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է:

Գործը կարճելու հանգամանքն, ամենայն հավանականությամբ, Թրամփի քննադատներին կտա նախագահի քաղաքական շահերը սպասարկելու մեջ նախարար Ուլիյամ Բարին մեղադրելու նոր առիթ:

Ինքը Թրամփը բազմիցս պնդել է, որ Ֆլինին համարում է ազնիվ և հայրենասեր անձ, որին զրպարտել են:

XS
SM
MD
LG