Մատչելիության հղումներ

Սպիտակ տան անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյին խաբելու փորձերի համար: Մեղադրանքն առաջադրվել է հատուկ հետաքննության շրջանակներում, որն անցկացնում է Ռոբերտ Մյուլերը․ նա պետք է պարզի, թե արդյո՞ք Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին:

Ֆլինը, ով մեղադրվում է «գիտակցված և կանխամտածված» խաբեության մեջ, առաջիկայում պետք է դատարանի առաջ կանգնի: Նա Թրամփի ամենաբարձաստիճան մերձավորներից է, ում մեղադրանք է առաջադրվում Մյուլերի կողմից անցկացվող հետաքննության շրջանակներում: Մայքլ Ֆլինը Դոնալդ Թրամփի խորհրդականի պաշտոնում աշխատել է ընդամենը 24 օր և հրաժարական է տվել, երբ հայտնի է դարձել, որ սուտ վկայություններ է տվել ռուսաստանցի դիվանագետների հետ իր շփումների վերաբերյալ:

Թրամփի նախընտրական շտաբի ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջև հնարավոր կապերի և ամերիկյան ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության շուրջ հետաքննությամբ զբաղվում են ԱՄՆ Կոնգրեսի հատուկ հանձնաժողովը, Հետաքննությունների դաշնային բյուրոն և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը:

Ամերիկյան հատուկ ծառայությունները համոզված են՝ հենց ռուսաստանյան իշխանություններն են կանգնած Դեմոկրատական կուսակցության և այդ կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական թիմի կայքերի վրա հաքերային հարձակումների հետևում՝ նպատակ ունենալով ազդել ընտրությունների ընթացքի վրա: Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG