Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում, եվրոպական երկրները թուլացնում են կարանտինը


Ֆրանսիա - Փարիզի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժօգնություն են ցուցաբերում կորոնավիրուսով վարակվածին, ապրիլ, 2020թ.

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոն 917 հազարը, բուժվել է ավելի քան 1 միլիոն 344 հազար, մահացել՝ մոտ 271 հազար մարդ:

Այդուհանդերձ, եվրոպական երկրների մեծ մասը թուլացնում է կարանտինը:

Իտալիայում ավելի քան 3 միլիոն մարդ վերադարձել է աշխատանքի:

Երկուշաբթի՝ մայիսի 11-ից, Ֆրանսիան կսկսի աստիճանաբար դուրս գալ կարանտինից, երեկ հայտարարել է վարչապետ Էդուար Ֆիլիպը: Կբացվեն ոչ պարենային խանութները և վարսահարդարման սրահները: Այնուամենայնիվ, երկրի ներսում տեղաշարժը սահմանափակվելու է բնակության վայրից 100 կմ շառավղով, ճամփորդությունները դեպի Եվրամիության այլ երկրներ խիստ սահմանափակ են լինելու: Դպրոցները բացելու որոշում կկայացնեն քաղաքային իշխանությունները: Մեծ առևտրային կենտրոնները, թատրոնները, կինոթատրոնները, մարզասրահները, ռեստորաններն ու սրճարանը դեռ փակ կմնան՝ դրանց բացման հարցը կորոշվի հունիսի սկզբին:

Հարավային կիսագնդում մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել Բրազիլիայում, վերջին տվյալներով՝ այդ երկրում մահացել է 9 հազար 190 մարդ, վարակվածների թիվը մոտ 136 հազար է:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ ամենաաղքատ երկրներում համաճարակի և դրա հետևանքների դեմ պայքարը կպահանջի ոչ թե 2 միլիարդ դոլար, ինչպես նախկինում նախատեսված էր, այլ 6,7 միլիարդ դոլար:

Ռուսաստանում վարակակիրների թիվը շարունակում է աճել՝ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 11,2 հազար դեպք: Նախորդ մի քանի օրերին ավելի քան 10 հազար դեպք էր գրանցվում: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն արդեն հայտարարել է, որ մայիսի 11-ից հետո մայրաքաղաքում այսպես կոչված ինքնամեկուսացման ռեժիմը չի թուլանա: Սա նշանակում է, որ մոսկվացիներին դեռևս արգելված կլինի քայլել և սպորտով զբաղվել դրսում: Միևնույն ժամանակ, կվերսկսվի արդյունաբերական և շինարարական ընկերությունների աշխատանքը: Սպասարկման ոլորտը փակ կմնա:

Վրաստանը մտադիր է հուլիսի 1-ից ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների: Դրանից երկու շաբաթ առաջ երկրում կվերսկսվի ներքին տուրիզմը: Այժմ Վրաստանում պաշտոնապես արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 615 դեպք, հիվանդների շուրջ մեկ երրորդն արդեն առողջացել է, մահացել է 9 մարդ:

Կորոնավիրուսի արագ տարածումը՝ արդեն ավելի քան 20 հազար մարդ, և որ մեկ շաբաթվա ընթացքում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների, այդ թիվը կարող է բազմապատկվել, չի ազդել Բելառուսի իշխանությունների ՝ մայիսի 9-ին Հաղթանակի շքերթ անցկացնելու որոշման վրա:

XS
SM
MD
LG