Մատչելիության հղումներ

Բելառուսի իշխանությունները չեն հրաժարվում մայիսի 9-ի շքերթի գաղափարից


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, ապրիլ, 2020թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, ապրիլ, 2020թ.

Չնայած կորոնավիրուսի սրընթաց տարածմանը՝ Բելառուսի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել մայիսի 9-ին Մինսկի կենտրոնում Հաղթանակի օրվա առթիվ շքերթ անցկացնելու գաղափարից: Բելառուսում, որտեղ կորոնավիրուսով օրական վարակվածների թիվը մի քանի հարյուրի է հասնում, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, թե «համաճարակաբանական տեսանկյունից մայիսի 9-ի շքերթը ամենավտանգավոր միջոցառումը չէ»:

«Մենք չենք կարող չեղարկել շքերթը, պարզապես չենք կարող: Ես այդ մասին շատ եմ մտորել: Դա շատ զգացմունքային, նաև գաղափարական խնդիր է: Եկեք մտածենք, թե ինչ կասեն մարդիկ, [եթե շքերթը չեղարկվի]: Մեկ, երկու օր կանցնի, և կասեն, որ մենք վախեցանք»,- հայտարարում էր Բելառուսի նախագահը:

Նրա խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները զոհվել են հնարավոր է և վարակների կամ այլ հիվանդությունների հետևանքով, «և զոհվել են հանուն մեզ, որքան էլ պաթետիկ չհնչի»:

Բելառուսի առաջնորդը վստահեցրել է, որ հարկադրաբար որևէ մեկին շքերթի մասնակից չեն դարձնի: Իսկ հարցի շուրջ՝ արդյոք թույլ կտրվի՞ միջոցառմանը ներկա գտնվել համաճարակի տեսանկյունից առավել խոցելի խմբին՝ վետերաններին, Լուկաշենկոն խոստացել է մտածել:.

Մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող Բելառուսում կորոնավիրուսով վարակածների թիվը հասնում է 18 հազարի, համեմատության համար նշենք, որ ավելի քան 41 միլիոն բնակիչ ունեցող հարևան Ուկրաինայում արձանագրվել է մոտ 12 հազար դեպք:

Ի տարբերություն հարևանների և տասնյակ այլ երկրների, Բելառուսի իշխանությունները կտրականապես հրաժարվում են կարանտինային միջոցառումներ ձեռնարկել` չչեղարկելով որևէ զանգվածային միջոցառում: Ռեստորանները, թանգարանները, կինոթատրոնները, դպրոցները, համալսարանները բաց են, չեն փակվել նաև սահմանները:

Ինքը նախագահ Լուկաշենկոն անձամբ չի հետևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հորդորներին՝ չի պահպանում հեռավորություն, բարևում է բացառապես ձեռքով: Ավելին՝ նա կասկածի տակ է դնում կորոնավիրուսի վտանգը, հեգնանքի առարկա է դարձնում համաճարակի դեմ պայքարը, պարբերարաբար հայտարարում, թե սովորական գրիպից նվազ վտանգներ ունեցող կորոնավիրուսով վարակվածների շրջանում մահը հիմնականում վրա է հասնում միանգամայն այլ հիվանդությունների պատճառով:

Կտրականապես հրաժարվելով փոխել երկրի բնականոն կյանքը, Բելառուսի ղեկավարը հավաստիացնում է, թե համաճարակն արմատախիլ կանի առանց կոշտ սահմանափակումների՝ մատնանշելով Շվեդիայի օրինակը: Սակայն եթե Շվեդիայի ընտրած ռազմավարության հիմքում ընկած են համաճարակի տարածումը դանդաղեցնելն ու կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու փորձերը, ապա բելառուսական իշխանության՝ սահմանափակումներից խուսափելու գլխավոր պատճառը երկրի տնտեսությունը չվտանգելու ցանկությունն է, որի մասին բաց տեքստով հայտարարել է Լուկաշենկոն: «Կարանտին, պարետային ժամ՝ ոմանք այսօր նման հայտարարություններով են հանդես գալիս: Հավատացեք, դա շատ հեշտ է անել, մենք այդ ամենը կարող ենք կյանքի կոչել ընդամենը մեկ օրում, բայց հետո ի՞նչ ենք ուտելու», - անցած օրերին հայտարարում էր Ալեքսանդր Լուկաշենկոն:

Մինչ այդ, հակահամաճարակային քայլերի բացակայության պայմաններում, երկրում կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 103 մարդ, վարակվածների թիվը, պաշտոնական տվյալներով, հասել է 17 հազար 489-ի: Երկրի առողջապահության նախարարությունը հրապարակում է ընդհանուր թվեր, այն էլ՝ երբեմն մի քանի օրվա դադարից հետո, հիմնականում չպարզաբանելով վարակի օջախները: Բելառուսցի ակտիվիստներն ու անկախ աղբյուրները պնդում են, որ վարակակիրներ են հայտնաբերվում մանկապարտեզներում, առողջարանային կենտրոններում, եկեղեցիներում:

XS
SM
MD
LG