Մատչելիության հղումներ

Ջորջ Քենթ. «Լավրովը երբեմն հանդես է գալիս ոչ այնքան օգտակար հայտարարություններով»


ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթ

Ամերիկյան Պետդեպարտամենտում վստահ չեն, թե արդյոք Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները կարող են նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

Այս մասին նախօրեին Միացյալ Նահանգներում գործող գերմանական Մարշալի հիմնադրամի կազմակերպած համացանցային քննարկման` վեբինարի ընթացքում հայտարարեց ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ,Պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Ջորջ Քենթը:

«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունները: Կարող եմ միայն ասել, որ նա մի շարք իրավիճակներին վերաբերող բազմաթիվ ոչ այնքան օգտակար հայտարարություններով է հանդես եկել: Վերջինն օրինակ վերաբերում էր Դոնբասում ստեղծված կացությանը և հնչեցվեց Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների նախորդ շաբաթ կայացած զրույցից հետո», - հայտարարել է Քենթը` մեկ անգամ ևս ընդգծելով, որ ամերիկյան դիվանագիտության գլխավոր նպատակներից մեկը ղարաբաղյան կարգավորման շուրջ հակամարտող կողմերի միջև երկխոսության խթանումն է:

«Մենք ակտիվորեն ներգրավված ենք գործընթացում` օժանդակելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երկխոսության ծավալմանը: Խաղաղ կարգավորման հիմքում են Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները` այն է` հարցի ուժային լուծման բացառում, տարածքային ամբողջականություն, ինչպես նաև ազգերի ինքնորոշման իրավունք: Լեռնային Ղարաբաղի դեպքում այս սկզբունքները կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում», - նշել է ամերիկացի դիվանագետը` հավելելով նաև, որ արդեն գրեթե քառորդ դար է, ինչ հակամարտության բոլոր կողմերի շահերի ապահովումը բանակցային գործընթացի առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկն է:

Գերմանական Մարշալի հիմնադրամի կազմակերպած քննարկման ընթացքում Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան բավական մանրամասնորեն անդրադարձավ նաև Հայաստանի ներքին կացությանը, մասնավորաբար՝ այն առաջընթացին, որ արձանագրել է երկիրը թավշյա հեղափոխությունից հետո․ - «Կարծում եմ, որ հայերը արդարացիորեն կարող են հպարտանալ էական համակարգային փոփոխությունների հասնելուն ուղղված իրենց խաղաղ ջանքերով: Երկու տարի է արդեն, ինչ Փաշինյանը ստանձնել է վարչապետի պաշտոնը, մեկուկես տարի է անցել խորհրդարանական ընտրություններից, որոնց ընթացքում նրա կուսակցությունը գերակշիռ մեծամասնություն ձեռք բերեց։ Եվ այն, ինչ այսօր ենք մենք տեսնում [Հայաստանում], համակարգային փոփոխություններին միտված իրական առաջընթաց է: Այժմ քննարկումներ են ընթանում ոստիկանության հիմնարար վերափոխման և ներքին գործերի նախարարության ստեղծման մասին, և Միացյալ Նահանգները լրջորեն աջակցում են այդ ջանքերին»:

Հեռավար քննարկման ընթացքում Պետդեպարտամենտի ներկայացուցիչը պատասխանեց նաև նախահամաճարակային Հայաստանի ներքաղաքական օրակարգի գլխավոր թեմային` դատական համակարգի բարեփոխումներին և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված կացությանը վերաբերող հարցին:

«Կարծում եմ, որ հայերը դատական համակարգի սովորականից ավելի արմատական վերափոխում են առաջարկում: Մենք առաջարկել ենք նրանց դիմել Վենետիկի հանձնաժողով, որպես լավագույն խորհրդատու մարմին: Վարչապետ Փաշինյանը այս հարցով առաջարկել էր հանրաքվե անցկացնել: Այդ հանրաքվեն սակայն դարձավ մեկն այն բազմաթիվ քվեարկություններից, որ հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով ծագած ճգնաժամի հետևանքով», - նշել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը:

XS
SM
MD
LG