Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին պնդում է, թե ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հիմքում եղել և մնում է փուլային տարբերակը


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Չնայած հայկական կողմի հերքումներին` պաշտոնական Բաքուն երեկ կրկին պնդել է, թե ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների հիմքում եղել և մնում է կարգավորման փուլային տարբերակը:

«Բանակցություններն ընթանում են գաղտնի, մանրամասները չեն հրապարակվում, սակայն դրանց ընդհանուր շրջանակը մինչ օրս մեկ անգամ չէ, որ ուրվագծվել է համանախագահների կողմից, ինչպես նաև համանախագահող երկրների առաջնորդների հայտարարություններում», - երեկ ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հավելելով` բոլոր այդ հայտարարությունների հիմքում փուլային կարգավորումն է, որը պետք է սկսի Ղարաբաղը շրջապատող տարածքների ազատագրումից, ինչին պետք է հետևի ադրբեջանցիների վերադարձը հայրենի բնակավայրեր, բացվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության միջոցները, ստեղծվեն պայմաններ երկու համայնքների համակեցության համար: Այս շարքում Մամեդյարովը նշել է նաև Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հարցը, միայն թե պնդել է, թե դա պետք է տեղի ունենա որոշ ժամանակ անց և լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Կարգավորման սկզբունքների մասին այս քննարկումը հրապարակ իջավ անցած շաբաթ, երբ Ռուսաստանի արտգործնախարարը հրապարակավ պնդեց, թե կողմերն այժմ ակտիվորեն քննարկում են անցած տարվա ապրիլին Մոսկվայում ներկայացված մի նախագիծ, որը հիմնված է հակամարտության փուլային կարգավորման, առաջին հերթին` Ղարաբաղի հարակից տարածքներից հայկական ուժերի դուրսբերման վրա: Պաշտոնական Երևանը նույն օրը հերքեց, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտեց` հայկական կողմը նույնիսկ չի կարող ենթադրել, որ հնարավոր է վերանայել պաշտպանական գծերը՝ վտանգի տակ դնելով Արցախի անվտանգությունը:

«Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն՝ անվտանգության և ստատուսի տարրերի: Սա եղել է հայկական կողմի մոտեցումը, մնացել է հայկական կողմի մոտեցումը այս երկու տարվա ընթացքում», - նշեց Մնացականյանը:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակն, իր հերթին, ռուսական մամուլին տված պարզաբանման մեջ ընդգծել էր` Հայաստանի համար ընդունելի չեն մինչև 2018 թվականը ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին, 2018-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա:

Ադրբեջանի արտգործնախարարը, արձագանքելով Հայաստանից հնչող այս հայտարարություններին, երեկ պնդել է՝ դրանք արվում են ներքին լսարանին հանգստացնելու նպատակով։ «Հակառակ դեպքում, Լավրովի այդ հայտարարություններից մի քանի ժամ անց նույն Մնացականյանը չէր միանա բանակցություններին տեսակոնֆերանսի միջոցով», - ասել է Մամեդյարովը։

«Ազատության» խնդրանքով արձագանքելով այդ հայտարարությանը, Հայաստանի Արտգործնախարարության խոսնակն այսօր ընդգծել է՝ հայկական կողմի դիրքորոշումը հրապարակվել է և մնում է ուժի մեջ:

«Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները Հայաստանի ԱԳՆ կողմից ներկայացվել են բազմիցս և շատ հստակ: Մասնավորապես վերջերս՝ ապրիլի 21-ին արտգործնախարարի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ինչպես նաև ընդգծվել են իմ «Կոմերսանտ» թերթին տված մեկնաբանությունում: Կխնդրեի՝ այս հարցով հղում կատարել այդ մեկնաբանություններին, որոնք ակտուալ են», - ասաց Նաղդալյանը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի էր ունեցել կորոնավիրուսի համաճարակից առաջ` հունվարի վերջին Ժնևում: Մամեդյարով - Մնացականյան այդ բանակցությունները շարունակվել էին երեք օր, ինչից հետո կողմերը համատեղ հայտարարություն էին տարածել, պնդելով, թե քննարկել են անցած ձեռք բերված պայմանավորվածությունները և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր քայլերը:

Անցած տարի մասնավորապես հաղորդվել էր, որ կողմերը համաձայնել են մարդասիրական քայլեր ձեռնարկել՝ վստահությունն ամրապնդելու համար, ինչից հետո տեղի էր ունեցել գերիների փոխանակում և լրագրողների փոխադարձ այց:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, արտգործնախարարները քննարկել էին նաև հակամարտության ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքներն ու տարրերը, ինչպես նաև կարգավորման առաջ մղմանն ուղղված ժամանակացույցը:

Մնացականյանի և Մամեդյարովի այդ հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները գնացել էին աննախադեպ քայլի՝ հրապարակային ներկայացնելով կարգավորման շուրջ իրենց պատկերացումները Մյունխենում՝ անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ընդգծել էր՝ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ղարաբաղը կվերադառնա բանակցային գործընթաց, ինչպես նաև նշել իր թեզը՝ չկան տարածքներ, կա անվտանգություն:

Օրեր առաջ՝ Ռուսաստանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությունից հետո, պատասխանելով «Ազատության» հարցին, վարչապետի գրասենյակը նշել էր՝ Փաշինյանը Ղարաբաղի շուրջ նախկինում հնչեցրած իր հայտարարություններին ավելացնելու բան չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG