Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկին անդրադարձել է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը` հիշեցնելով Լավրովի հայտարարությունը


ՌԴ արտաքին գործերի նախարարության շենքը, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ ներկայացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ` պատասխանելով ադրբեջանական «Թրենդ» գործակալության հարցմանը:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` մեր դիրքորոշումը բազմիցս ներկայացվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության համատեղ հայտարարություններում: Դրա հիմքում ընկած են հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, ներառյալ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Այդ հայտարարություններում պարունակվող կարգավորման տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձը, ինչպես նաև բնակչության կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը:

Ինչ վերաբերում է փաստաթղթերին և առաջարկություններին, որոնք քննարկվել և քննարկվում են, ապա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրանք թվարկել է»,- ասել են ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունում:

Պաշտոնական Մոսկվան հավելել է, թե ղարաբաղյան կարգավորման թեման բավականին նուրբ է, և այն հանրային քննարկումների ոլորտ փոխադրելն արդյունավետ չէ: «Ելնում ենք նրանից, որ կարգավորման հարցերը պետք է դիտարկել բանակցությունների ընթացքում ստեղծված ձևաչափի շրջանակներում: Այս թեմայով խորհրդակցությունները շարունակվում են, ինչի մասին, մասնավորապես, վկայում է ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` համանախագահների մասնակցությամբ կայացած հեռակոնֆերանսը»,- այսպես են պատասխանել ադրբեջանական «Թրենդին» Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Ղարաբաղյան խնդրի շուրջ թեժ քննարկումները թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում վերսկսվեցին այն բանից հետո, երբ Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Լավրովը շեշտել էր, թե քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են: «Այդ փաստաթղթերը նախատեսում են կարգավորման ուղղությամբ առաջընթաց` հիմնվելով փուլային մոտեցման վրա, ըստ որի՝ առաջին փուլում պետք է լուծվեն առավել հրատապ հարցերը, ազատագրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ», - ասել էր նա:

Երեկ ռուսական «Կոմերսանտի» հարցին պատասխանելիս Հայաստանի արտգործնախարարությունը փաստացի հերքեց Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը` հայտարարելով, թե «հայկական կողմերը չեն ընդունում կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում առանց որևէ սահմանափակման և, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը»։ Հայաստանի համար անընդունելի չեն այսպիսի առաջարկները, որոնք ենթադրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փուլային տարբերակ, որը ներկայացվել է մինչև 2018 թվականը, ավելին` 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա:

Հայկական կողմի այս հայտարարությանը արձագանքել էին թե՛ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, թե՛ Միլի մեջլիսի պատգամավորները: Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի ռազմական հարցերով բաժնի վարիչ գենելար-գնդապետ Մահերրամ Ալիևը, մասնավորապես, երեկ ասել էր, թե հայկական կողմի հայտարարությունները «անշուշտ հիմք են տալիս Ադրբեջանին օգտվել ռազմական ճանապարհով իր հողն ազատագրելու իրավունքից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG