Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի հոկեյիստ ընկերը վարակվել է կորոնավիրուսով


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկեյի մրցաշարի ժամանակ, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հոկեյի թիմում խաղացողներից մեկը վարակվել է կորոնավիրուսով: Բելառուսի նախագահի գրասենյակը այս լուրը պաշտոնապես հաստատել է:

Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Այսմոնտն ասել է, որ նախագահի հոկեյի խաղընկերը հոսպիտալացվել է թոքաբորբի ախտանիշով, հետո նրան ստուգել են COVID-19-ի թեստով, որը դրական արդյունք է տվել:

Պատասխանելով Reuters լրատվական գործակալության հարցին՝ Այսմոնտն ասել է, թե Լուկաշենկոն շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, նա չի ինքնամեկուսացել:

Իսկ վարակվածը՝ Դմիտրի Մելեշկոն տեղական մամուլին ասել է, թե իր մոտ կորոնավիրուս չկա՝ պարզապես մի քիչ մրսել է:

Լուկաշենկոն շարունակում էր հանդիսատեսների ներկայությամբ հոկեյ խաղալ՝ նման կերպ ցույց տալով իր վերաբերմունքը կորոնավիրուսի վարակի բռնկումը կանխելու նպատակով երկրում սահմանափակումներ մտցնելու կոչերին: Նա խաղում է սիրողական մրցաշարում, որն ավարտվել է ապրիլի 11-ին:

Բելառուսի նախագահի խոսնակն ասել է, թե Մելեշկոն վարակվել է մրցաշարի ավարտից մեկ շաբաթ անց, Լուկաշենկոն նրա հետ այլևս չի շփվել, ուստի մեկուսանալու կարիք չունի:

1994 թվականից ի վեր Բելառուսն ուժեղ բռունցքով ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսի համաճարակի հանդեպ մտահոգությունները, վախերը հաճախ է «փսիխոզ» անվանել, դրա դեմ պայքարելու համար էլ առաջարկել է օղի խմել և սաունա գնալ:

Բելառուսում կորոնավիրուսի 6 հազար 700-ից ավելի դեպք է արձանագրվել, 55 մարդ է մահացել, բայց Լուկաշենկոն պնդում է, թե իր երկրում ոչ ոք կորոնավիրուսի հետևանքով չի մահացել՝ նրանք սիրտ-անոթային կամ խրոնիկ այլ ծանր հիվանդություններ են ունեցել, որոնք էլ մահվան պատճառ են հանդիսացել:

Մարտի վերջին, երբ լրագրողներից մեկը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հոկեյ խաղալը դադարեցնելու մասին հարց էր տվել, Լուկաշենկոն պատասխանել էր. - «Կանգնեցնե՞լ ինձ, բայց ինչո՞ւ: Դա հնարավոր է, բայց ինչո՞ւ, ես չեմ հասկանում: Այստեղ վիրուս չկա: Դուք դրանցից որևէ մեկին թռչելիս տեսե՞լ եք: Ես նույնպես չեմ տեսել»:

Ապրիլի 21-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Բելառուսին կոչ է արել կարանտին հայտարարել և պարետային ժամ մտցնել՝ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով: Մինչ այս առաջարկները միջազգային փորձագետներն օրեր առաջ այցելել էին Մինսկ, տեղում ծանոթացել իրավիճակին:

Լուկաշենկոն, այդուհանդերձ, արձագանքելով կազմակերպության հորդորներին, ասել է. - «Նրանք ուղղակի մեզ չեն սիրում»:

XS
SM
MD
LG