Մատչելիության հղումներ

Մամեդյարովի հայտարարությունն արձագանք է Ադրբեջանում իր հասցեին քննադատությանը, պնդում է քաղաքական մեկնաբանը


Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում, 15-ը ապրիլի, 2019թ.

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն ուղղված էր ոչ թե հայկական, այլ ադրբեջանական լսարանին: «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Մամեդյարովը հարցազրույց է տվել Minval.az ադրբեջանական կայքին՝ անդրադառնալով ղարաբաղյան բանակցություններին: Մասնավորապես, նա ևս փաստացի պնդել է, թե իբր բանակցությունների սեղանին հակամարտության կարգավորման փուլային տարբերակն է։

«Լավրովի հայտարարությունից հետո Երևանի հնչեցրած բավական կոշտ և բավական հստակ արձագանքը Ադրբեջանում արժանացավ քննադատությունների՝ Մամեդյարովի հասցեին, այսպես ասեմ», - ասաց Հակոբ Բադալյանը՝ շարունակելով. - «Ալիևի շրջանակից, նախագահ Ալիևի շրջանակից բավական բաց տեքստով սկսեցին քննադատություն հնչեցնել, որ Մամեդյարովը բանակցություններում չի կարողանում առաջ տանել, այսպես ասած, ալիևյան քաղաքականությունը: Եվ կարծում եմ՝ հիմա Մամեդյարովի հայտարարությունը ընդամենը արձագանք էր Ադրբեջանի ներսում իր հասցեին հնչեցված քննադատությանը»։

Անցած շաբաթ էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ռուսաստանի արտգործնախարարը պնդել էր, թե քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են՝ առաջին փուլում պետք է ազատագրվեն Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ։

Այդ հայտարարությանը հաջորդել էր պաշտոնական Երևանի արձագանքը։ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, թե 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկման գնահատման վերաբերյալ: 14 թվականի առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ, ասել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Մամեդյարովն ադրբեջանական կայքին տված հարցազրույցում ասել է, թե բանակցությունների ընդհանուր շրջանակը մինչ օրս բազմիցս ուրվագծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ինչպես նաև համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններում։

«Դրանցում իրենց արտացոլումն են գտել հակամարտության փուլային կարգավորման տարրերը, այսինքն՝ հակամարտության հետևանքների վերացումը, որտեղ սկզբնական փուլում նշվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքների ազատագրումը, այդ տարածքներից վտարված ադրբեջանցիների վերադարձը հայրենի օջախներ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների բացումը», -նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Մամեդյարովի խոսքում նորություն չի տեսնում, ասում է՝ Ադրբեջանը բազմիցս է նման դիրքորոշում հայտնել։

«Փուլային հայտարարությունները դրանք շատ սովորական և իրենց տեսանկյունից հասկանալի են, և մենք պետք է կենտրոնանանք այն նշաձողերի վրա, որ դնում է պաշտոնական Երևանը: Եվ էս տեսանկյունից՝ մենք ունենք հրապարակային մակարդակում արված շատ կարևոր հայտարարություններ՝ թավշյա հեղափոխությունից հետո ընդհանրապես և նաև Լավրովի հայտարարությունից հետո մասնավորապես», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը:

Ի դեպ, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը անցած շաբաթ ռուսական «Կոմերսանտ»-ին ասել է. - «2018-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա»։

XS
SM
MD
LG