Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է


Հայաստան, Երևան, Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, 23-ը ապրիլի, 2020թ.

Համայն հայ ժողովուրդը դեռևս սպասում է ճշմարտության հաղթանակին և արդարության հաստատմանը, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում ասում է Հայաստանի նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծում է՝ «անընդունելի է Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների դիրքորոշումը, որը խուսափել և խուսափում է ցեղասպանության ճանաչումից և պետական մակարդակով առաջ տանում ժխտողականության քաղաքականությունը»:

«Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար: Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ», - ասված է նախագահի ուղերձում:

Ի տարբերություն նախորդ տարիների, երբ այս օրը հազարավոր մարդիկ Երևանում այցելում էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին, այս տարի կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով փակվել է հուշահամալիրի մուտքը: Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կայցելեն միայն Հայաստանի վարչապետը, նախագահը, Ազգային ժողովի նախագահը, Արցախի նորընտիր նախագահն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Իշխանություններն առաջարկում են հիշատակի միջոցառումներին հետևել ուղիղ եթերում: Դրանք սկսվել են դեռ երեկվանից, երբ եկեղեցական զանգերի ղողանջի ներքո լուսավորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Իսկ այսօր Կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի Անմար կրակի մոտ:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդից ուղերձով հանդես կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի ղեկավարը պատմական իրադարձություն էր որակել այն, որ Միացյալ Նահանգների Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դրանից առաջ էլ ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների տունն էր ճանաչել Ցեղասպանությունը:

Արդյոք սրան կհաջորդե՞ն նոր զարգացումներ. թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է՝ միանշանակ այո: «Անտարակույս: Ես համոզված եմ, որ նոր զարգացումներ կլինեն, և ավելի մեծ թվով երկրներ կճանաչեն և կդատապարտեն Հայոց ցեղասպանությունը: Իսկ ինչ վերաբերում է ամերիկյան Կոնգրեսի ստորին և վերին պալատների կողմից Ցեղասպանության ճանաչմանը, ապա դա այդ ճանաչումների շարքում շատ կարևոր իրադարձություն է, քանի որ ԱՄՆ-ի հեղինակությունը աշխարհում, ես համոզված եմ, օրինակ կծառայի նաև այլ պետությունների համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց թուրքագետը:

«105 տարի հայ ժողովուրդը պայքարում է արդարության վերականգնման համար: Ժխտված արդարությունը չի կարող խնդրի լուծում լինել», - օրեր առաջ հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«105 տարի առաջ հայ ժողովուրդը հայտնվեց մեն-մենակ ոճրագործների հետ: Այսօր, ենթադրվում է, որ հայ ժողովուրդը պետք է բնաջնջված լինի այս մոլոլարկից: Հայ ժողովուրդը հաղթած է, որովհետև ինքը գոյություն ունի, ինքը ծաղկում է, ինքը ունի իր պետականությունը, ինքը ունի իր Սփյուռքը, ինքը հաջողած է: Բայց ժխտված արդարությունը շարունակում է մնալ վերք և շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր: Այդ առումով, հայ ժողովուրդը իր միասնականության մեջ շարունակելու է պայքարել», - շեշտեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

XS
SM
MD
LG