Մատչելիության հղումներ

Քաղաքացիները կողմ են Ցեղասպանության տարելիցի միջոցառումների առաջարկված տարբերակին


Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, արխիվ

Վաղը՝ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է լինելու բոլոր այցելուների համար` կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով։ Իշխանություններն առաջարկում են 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին հետևել ուղիղ եթերում։

Որոշումը պարետատունն արդեն իսկ հաստատել է։ Այսօր մեր նկարահանման ընթացքում հուշահամալիր տանող մուտքերն արդեն փակ էին։ Ապրիլի 24-ին կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Հուշահամալիր գնալու փոխարեն կառավարությունն այլ առաջարկով է հանդես եկել, ըստ որի՝ այսօր երեկոյան` ժամը 21։00-ին, կհնչեն եկեղեցիների զանգերը, որոնց ներքո կմարվեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը։ Կառավարությունը կոչ է անում մարել նաև բնակարանների լույսերը ու պատուհանի մոտ միացնել հեռախոսների լապտերների լույսը:

Քաղաքացիները դեմ չեն այս տարբերակին։ Ասում են՝ կորոնավիրուսի տարածումից խուսափելու, իրենց անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ էր փակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը.- «Պարետի որոշումն արդեն եկել է, կփորձենք անպայման հետևել, քանի որ արգելված է, ենթարկվենք կանոններին, իսկ հարգանքի տուրք ամեն օր էլ մատուցում ենք: Միևնույնն է` մոր զոհերն են, մեր հայրենիքը, մեր հայրենակիցները: Եթե կա վտանգ, ուրեմն պետք է հետևենք վտանգին, որովհետև զոհեր արդեն ունեցել ենք, հերիք է, էլ պետք չեն»:

«Վաղը փակ է լինելու, գիտենք, և դա շատ ճիշտ է արված, որպեսզի խուսափենք էդ կորոնավիրուսից, բայց բոլոր դեպքերում տեղեկացված ենք, որ այսօր երեկոյան` ժամը 9-ին, հեռախոսի լույսերով, պետք է լույսերն անջատած հարգենք հիշատակը Եղեռնի զոհերի։ Իհարկե, միանալու ենք, անպատճառ»,- նշեց քաղաքացիներից մեկը:

Մյուսն էլ հավելեց.- «Դա միակ միջոցն է` խուսափելու ավելի շատ վարակը տարածելուց, միակ միջոցը ներկա պահին: Եթե հարգում ես, կարող ես նման ձևով էլ հարգել հիշատակը, եթե չհարգես, միայն մի ծաղիկ տանել, դնելով` ցուցադրական` ոչինչ չես փոխի դրանով ու դրանումչես հարգում: Կարևորը, որ դու ինքդ հարգես»:

Քաղաքացիներն ասում են` մեկ ամիս հետո էլ կարող են գնալ Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել, բացի այդ.- «Հարգանքի տուրք մատուցելու համար անպայման չէ հենց միայն ապրիլի 24-ին հիշել ու միայն այդ օրը գնալ, պետք է հիշել ամբողջ տարվա ընթացքում, և ինչով կարելի է դրան նպաստել` թե՛ սոցիալական ցանցերով, թե՛ եթերներով, թե տարբեր հաղորդումներով, որպեսզի համայն աշխարհին ի ցույց դնենք մեր ցավը, վերքը, որ եղել է»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն այսօր հայտարարեց՝ վաղը միայն պաշտոնյաները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ՀՀ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, Արցախի նախագահը, Վեհափառ Հայրապետը.- «Այնուհետև երեկոյան` ժամը 22:00-ից սկսած մինչև լուսաբաց ժամը 6-ը, տեղի կունենա գեղարվեստական ծրագիրը, որով ըստ էության մեր ստեղծագործական հանրությունը ամբողջ ժողովրդի անունից իր հանրգանքի տուրքը կմատուցի երաժշտական կատարումների, երգեցողության միջոցով»:

Ստեղծված իրավիճակում սա լավագույն լուծումն էր, ասում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը.- «Իրավիճակն այսպիսին է, մենք պիտի կարողանանք ըմբռնումով մոտենալ և մեր մասնակցությունն այս կերպ ապահովենք: Այժմ Ծիծեռնակաբերդում լայնածավալ ստեղծագործական, ադմինիստրատիվ և տեխնիկական աշխատանքներ են իրականացվում, ամբողջ ստեղծագործական մասը, գեղարվեստական մասը լինելու է ուղիղ եթերում»:

Ի դեպ, ոստիկանությունը հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները փակելու է մինչև ապրիլի 25-ը` ժամը 23։59-ը։

XS
SM
MD
LG