Մատչելիության հղումներ

Ամերիկահայերը կօգնեն 1,5 միլիոն ամերիկացիների` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի


ԱՄՆ - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ արարողություն Վաշինգտոնի Ազգայի տաճարում, 7-ը մայիսի, 2015թ.
ԱՄՆ - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ արարողություն Վաշինգտոնի Ազգայի տաճարում, 7-ը մայիսի, 2015թ.

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի և ի երախտագիտություն այդ օրերին Ամերիկայի կողմից հայերին ցուցաբերված աննախադեպ օգնության` ամերիկահայերն այս տարի դրամահավաք են նախաձեռնել` աջակցելու մեկուկես միլիոն ամերիկացիների, որ կարիքի մեջ են այսօր` կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Նախաձեռնությունը միավորել է ամերիկահայ համայնքի խոշորագույն կազմակերպություններին: Արդյունքում, մի քանի շաբաթվա ընթացում հաջողվել է բավարար գումար հանգանակել ոչ թե մեկուկես, այլ` շուրջ երկուսուկես միլիոն ամերիկացիների օգնելու համար: Գումարը կտրամադրվի Feeding America կազմակերպությանը, որը սնունդ է մատակարարում կարիքավորներին ու աղքատներին ողջ երկրով մեկ, Fox-ին ասել է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արմեն Սահակյանը:

«Feeding America-ի հաշվարկներով՝ այս օրերին ութ ամերիկացիներից մեկը հացի խնդիր ունի, և հիմա մեզ բոլորիս համար շատ կարևոր է համախմբվել, իսկ ամերիկահայ համայնքի համար նաև հնարավորություն է` պատվել այն ամերիկացիներին, որոնք ավելի քան հարյուր տարի առաջ այնքան եռանդ են ներդրել Եղեռնից փրկված հայերին օգնելու համար:

1915-ին, երբ հարյուր հազարավոր հայեր կռիվ էին տալիս կյանքի համար, ամերիկացիներն էին գումար հանգանակում` նրանց օգնելու` Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի ջանքերով: Պատմական արխիվներում դեռ մնացել են այդ օրերի կարգախոսները` «Փրկենք փրկվածներին», «Մեկ միլիոն ճաշ` ամեն շաբաթ»... Հետագայում այս նախաձեռնությանը նաև ամերիկյան Կոնգրեսն էր միացել` օրացույցում առանձնացնելով հատուկ օր, երբ շարքային ամերիկացիները գումար էին նվիրաբերում Եղեռնից մազապուրծ հայերին օգնելու համար: Նահանգների պատմության մեջ առաջին ու ամենաընդարձակ այս բարեգործական արշավը շարունակվել էր ավելի քան տասը տարի` փրկելով հարյուր հազարավոր հայերի:

Այսօր մենք պատմական զուգահեռներ ենք տանում այդ օրերի և ներկայի միջև` հիշեցնելով այն բարեհոգությունը, որ ցուցաբերել է Ամերիկայի ժողովուրդը Եղեռնից մազապուրծ եղած հայերի հանդեպ», - ասել է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արմեն Սահակյանը:

«Որպես ցեղասպանությունը վերապրածների սերունդ` մենք ուզում ենք մեր հավաքական երախտագիտությունը հայտնել Ամերիկայի ժողովրդին` մեծահոգության համար, ինչպես նաև պատվել այն խիզախությունն ու անձնազոհությունը, որ ցուցաբերում էին առաջին գծում աշխատողներն ու կամավորները այն ժամանակ և հիմա` կորոնավիրուսի այս համաճարակի օրերին», - նաև նշել է Սահակյանը:

Համավարակի պարտադրած սահմանափակումների պատճառով այս տարի ոգեկոչման արարողությունները կանցկացվեն առցանց: Հիշատակի ավանդական երթերի, թուրքական դեսպանատների առջև բողոքի ցույցերի փոխարեն ամերիկահայերն այլընտրանքային ծրագիր են կազմել, որը կհեռարձակվի ապրիլի 24-ին՝ հայկական տեղական հեռուստաալիքներով ու համացանցով։ Ակնկալվում է, որ արշավին կմիանան նաև հայամետ կոնգրեսականներն ու քաղաքական գործիչները` համայնքին ուղղված ուղերձները տարածելով սոցիալական ցանցերի միջոցով: «Ցեղասպանությունը վերապրածների պատգամն ու օրինակը առավել քան արդիական է նաև այսօր` հաղթահարել ցանկացած անասելի տառապանք ու տանջանք և վերածնվել ավելի հզոր, քան երբևէ», - հայտարարում է Հայ դատի հանձնախումբը:

Հայաստանում ևս այս տարի Ցեղասպանության տարելիցին դեպի Ծիծեռնակաբերդ երթ չի լինի, հուշահամալիր տանող ճանապարհները փակ են երեկվանից: Փոխարենը բաց է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքը, և ցանկացողները կարող են վիրտուալ այցելել` օրվա ցանկացած ժամանակ: Կառավարությունը նաև կոչ է անում վաղը երեկոյան 9-ին անջատել բնակարանների լույսերն ու վառել բջջային հեռախոսների լապտերները` հեռվից, համատեղ լուսավորելով Ծիծեռնակաբերդի բարձունքը:

XS
SM
MD
LG