Մատչելիության հղումներ

Թրամփը միջնորդում է նավթի շուրջ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի բանակցություններում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղեկություններ է հաղորդում COVID-19 հիվանդության թեմայով, Վաշինգտոն, 2-ը ապրիլի, 2020թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ինքն է հանդես եկել որպես միջնորդ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի բանակցություններում:

Կողմերը քննարկում են հումքի արդյունահանումն իջեցնելու գաղափարը, որի իրագործումը կընձեռի կորոնավիրուսի տարածման հետևանքով միջազգային շուկաներում նավթի շարունակվող գնանկումը զսպելու հնարավորություն:

Թրամփը զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բին Սալմանի հետ: Բանակցությունների մանրամասները հայտնի չեն:

Թրամփն ասել է, որ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կարող են 10-ից 15 միլիոն բարելով կրճատել հումքի օրական արդյունահանումը: Դա աննախադեպ բարձր թիվ է և կազմում է համաշխարհային պահանջարկի 10-ից 15 տոկոսը:

Այդ ծավալի կրճատումը ենթադրելու է OPEC-ի՝ նավթ արտահանող երկրների կազմակերպությանը չանդամակցող պետությունների միացումը Թրամփի առաջարկին:

ԱՄՆ նախագահն ասել է, թե ինքը որևէ զիջման չի գնացել Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հետ, մասնավորապես, չի քննարկել Միացյալ Նահանգներում ներքին շուկայում սպառվող նավթի արդյունահանումը կրճատելու տարբերակը:

Անցած կես տարում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի վեճերը նավթի արտահանման շուրջ խիստ սրվել են:

Կորոնավիրուսի տարածումը բացասական ազդեցություն է գործել աշխարհի տնտեսության վրա, ինչի հետևանքով նավթի պահանջարկը կրճատվել է:

XS
SM
MD
LG