Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանն առաջարկում է ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև ընդհանուր տնտեսական տարածք ստեղծել


Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների քարտեզը, արխիվ
Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների քարտեզը, արխիվ

Եվրոպական խորհրդարանն առաջարկում է Եվրամիության և վեց հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի, միջև ստեղծել «ընդհանուր տնտեսական տարածք»: Փաստաթղթում, որի բովանդակությանը ծանոթացել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, եվրոպացի օրենսդիրները միևնույն ժամանակ դատապարտում են Ռուսաստանի գործողությունները Արևելյան գործընկերության անդամ երկրներում:

Փաստաթուղթն առաջիկայում քննարկման կդրվի Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում և ամենայն հավանականությամբ խորհրդարանի հավանությանը կարժանանա արդեն մայիսին, ինչից հետո հունիսի 18-ին նախատեսված է Եվրամիության անդամ երկրների և Արևելյան գործընկերության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում: Այդ գագաթնաժողովի ընթացքում Եվրամիությունը պատրաստվում է նոր քաղաքականություն հաստատել հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ: Եվրամիության մի շարք դիվանագետներ, սակայն, «Ազատությանը» հայտնել են, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանդիպումը, ըստ ամենայնի, կհետաձգվի մինչև տարվա երկրորդ կեսը:

Ոչ ուղղակիորեն նկատի ունենալով Ռուսաստանին, որը կոշտ հակազդում է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին մերձենալու՝ հետխորհրդային երկրների ջանքերին, Եվրախորհրդարանը կվերահաստատի «Արևելքի գործընկեր երկրների ինքնիշխան իրավունքը՝ ազատ ընտրելու Եվրամիությանն ինտեգրման կամ ԵՄ-ի հետ համագործակցության անհատական մակարդակը», - նաև ասվում է փաստաթղթում:

Եվրոպական խորհրդարանը նաև բաց տեքստով «խստորեն դատապարտում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում հիմնարար սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի խախտումը, Ռուսաստանի Դաշնության կողմից ուժի ապօրինի կիրառումը, ներխուժումը, ապակայունացումը, բռնակցումը, սահմանների խախտումը և օկուպացիան Արևելյան գործընկերության անդամ մի շարք երկրների տարածքներում»:

2009 թվականին ստեղծելով Արևելյան գործընկերության ծրագիրը՝ Եվրամիությունը նախկին խորհրդային բլոկի անդամ վեց պետություններին ի սկզբանե հնարավորություն է ընձեռել մերձենալու եվրոպական դաշինքի հետ, սակայն՝ առանց անդամակցության հեռանկարի: Տասը տարի անց վեց երկրներից Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը ստորագրել են Ասոցացման պայմանագրերը և այժմ ավելին են ցանկանում: Հայաստանը բավարարվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:

Եվրամիության օրենսդիր մարմինը, որը նախկինում կոչ էր անում Բրյուսելին ընդլայնվել դեպի արևելք, փաստաթղթում ընդգծում է, որ թեև Արևելյան գործընկերության ծրագիրը չի ենթադրում անդամակցություն, սակայն այն կարող է նպաստել Եվրամության հետ աստիճանաբար մերձեցմանը: Որպես «ավելին»՝ եվրոպացի օրենսդիրները մասնավորապես առաջարկում են Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև ստեղծել ընդհանուր տնտեսական տարածք՝ ներառյալ ծառայություններ, որոնք կնպաստեն առավել խորը տնտեսական ինտեգրմանը Եվրամիության հետ, ինչպես նաև վեց անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանը: Բացի այդ, առաջարկվում է վերացնել Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև ռոումինգի ռեժիմը, թույլ տալ այդ երկրներին աստիճանաբար ինտեգրվել Բրյուսելի գլխավորած էներգետիկ միությանը, տրանսպորտային համայնքին և թվային միասնական շուկային:

XS
SM
MD
LG