Մատչելիության հղումներ

Եվրամիությունը, Վիշեհրադյան քառյակն օգնում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում


Եվրամիության և Վիշեհրադյան քառյակի պետությունների դրոշները

Եվրամիության անդամ չորս պետություններ՝ Չեխիան, Հունգարիան, Լեհաստանն ու Սլովակիան, որոշել են համերաշխության հատուկ ծրագիր սկսել կորոնավիրուսի դեմ պայքարում նախկին խորհրդային վեց պետություններին, այդ թվում՝ Հայաստանին աջակցելու համար: Վիշեհրադյան քառյակն այս մասին հայտարարել է երեկ՝ խոստանալով այդ նպատակով սեփական հիմնադրամից շուրջ 250 հազար եվրո հատկացնել:

«Ծրագիրն ուղղված կլինի համաճարակից տուժած երկրներում խոցելի խմբերի առողջապահական, սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը և կհամապատասխանեցվի գործընկերների կարիքներին», - փաստում է չորս երկրների արտգործնախարարների տարածած համատեղ հայտարարությունը:

Ներկայիս մարտահրավերներին արձագանքելուց բացի, քառյակն անդրադարձել է նաև Արևելյան գործընկերության ապագային: Նախկին խորհրդային բլոկի անդամ չորս պետություններն ընդգծում են, որ ուզում են նոր մակարդակի բարձրացնել Եվրամիության հարաբերությունները երկրների հետ, որոնք կիսել են նույն ճակատագիրը՝ ավելի քան 70 տարի անցկացնելով խորհրդային բռնապետության ներքո:

«Հունիսին կայանալիք գագաթնաժողովում, որտեղ Եվրամիությունը պատրաստվում է նոր քաղաքականություն հաստատել հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ, մենք կձգտենք երաշխավորել, որ Արևելյան գործընկերությունը պահպանի իր ռազմավարական կարևորությունն ու գերակայությունը Եվրամիության արտաքին քաղաքական ուղեգծում», - հայտարարում է Վիշեհրադյան քառյակը՝ հավելելով. - «Բրյուսելի ապագա քաղաքականությունը պետք է վստահելի, դինամիկ և գրավիչ լինի գործընկերների համար»:

Համատեղ հայտարարությունը միաժամանակ ընդգծում է, որ այդ համագործակցությունը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների և սկզբունքների՝ ժողովրդավարության, օրենքի գերիշխանության, անկախ դատական համակարգի ու ազատ շուկայական հարաբերությունների վրա: Ինչպես նախկինում, հիմա էլ եվրոպական կողմն ընդգծում է՝ որքան տեսանելի և խորը կլինեն այս ուղղությամբ բարեփոխումները, այնքան մեծ կլինի տրամադրվող քաղաքական, ֆինանսական և տեխնիկական աջակցությունը:

Ի դեպ, այս առումով ուշագրավ է՝ ինչպես էր Եվրամիությունը շաբաթներ առաջ բաշխել կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով նախկին խորհրդային վեց երկրներին տրամադրված աջակցությունը: Մարտի վերջին, մասնավորապես, Եվրահանձնաժողովը որոշել էր Հայաստանին 92 միլիոն եվրո հատկացնել անհետաձգելի ծախսերի համար: Աջակցության այս ծավալով Հայաստանը երրորդն է Ուկրաինայից ու Վրաստանից հետո և փաստացի Բրյուսելից կստանա ավելի մեծ ֆինանսական օգնություն, քան Մոլդովան, որի հետ Եվրամիությունը 2014 թվականին Ասոցացման համաձայնագիր է ստորագրել:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ անհատույց և անտոկոս տրամադրվող այդ գումարը պետք է ծախսվի Հայաստանի առողջապահական համակարգին անհրաժեշտ բժշկական սարքեր ու պարագաներ ձեռք բերելու, ճգնաժամից առավել տուժած մարդկանց աջակցելու և գործարարներին արտոնյալ վարկեր տրամադրելու նպատակով:

Եվրահանձնաժողովի հաստատած այդ օգնությունից բացի, փաստորեն, Վիշեհրադյան քառյակն էլ աջակցության իր՝ հավելյալ ծրագիրը կիրականացնի:

Երեկ տարածված հայտարարությունը, սակայն, առայժմ չի հստակեցնում՝ Արևելյան գործընկերության երկրներից որն այդ ծրագրով որքան գումար է ստանալու:

XS
SM
MD
LG