Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում մոտենում է 135 հազարին, բուժվել է շուրջ 510 հազար մարդ


ԱՄՆ - Կորոնավիրուսով վարակվածին տեղափոխում են հիվանդանոց, Նյու Յորք, 14-ը ապրիլի, 2020թ.

Նոր կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 2 միլիոն 100 հազարին, համաճարակի զոհերի թիվը՝ 135 հազարին, հիվանդությունից բուժվել է շուրջ 510 հազար մարդ:

Միացյալ Նահանգները զոհերի և հիվանդների թվով առաջինն է՝ ավելի քան 28,5 հազար մահվան դեպք և 644 հազարից ավելի վարակվածներ: Նախագահ Դոնալդ Թրամփը, այդուհանդերձ, արդեն հայտարարել է, որ համաճարակի գագաթնակետն անցել է, և վաղը կհրապարակվեն տնտեսական գործունեության վերսկսման սկզբունքները:

Պաշտոնական Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունները լարվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Պետքարտուղար Մայք Փոմփեոն բազմիցս է խիստ հռետորաբանությամբ հանդես եկել՝ մեղադրելով Չինաստանին Ուհանում համաճարակի առաջին օրերին COVID-19-ի բռնկման մասշտաբները թաքցնելու մեջ, և կոչ է արել Պեկինին լիովին թափանցիկ լինել այս հարցում: Չինաստանը պնդում է, որ հավատարիմ է թափանցիկության սկզբունքին, և, իր հերթին, կտրուկ քննադատում է այն կասկածի տակ առնող ամերիկացի պաշտոնյաներին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է կարանտինի պայմանների թեթևացման մասին: Թույլատրվել է հաջորդ շաբաթ բացել փոքր խանութները, երեխաները մայիսի 4-ից աստիճանաբար կվերադառնան դպրոցներ:

Եվրամիությունը ձևավորել է կարանտինային միջոցառումները մեղմելու ընդհանուր չափանիշներ, յուրաքանչյուր երկիր կորոշի իր ժամկետները:

Վերջին մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայի հիվանդանոցներում 514 մարդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով, իսկ ծերանոցներում՝ ևս 924 մարդ: Ֆրանսիայում համաճարակի զոհերի ընդհանուր թիվը շուրջ 17 հազար է:

Ռուսաստանում ամեն օր գրանցվում է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվի նոր ռեկորդ. վերջին տվյալներով՝ մեկ օրում մոտ 3,4 հազար դեպք, հիվանդների ընդհանուր թիվը 24,5 հազար է, մահացել է 198 մարդ: Երկրի միակ տարածաշրջանը, որտեղ դեպք չի գրանցվել, Ալթայի երկրամասն է: Հիվանդների մեծ մասը Մոսկվայում են և Մոսկվայի մարզում, որին հաջորդում են Սանկտ Պետերբուրգը, Կոմին և Նիժնի Նովգորոդը:

Նավթի համաշխարհային պահանջարկը կորոնավիրուսի տարածման ֆոնին ընկել է 1995 թվականի մակարդակի: Ռուսական ռուբլին դրա հետ կապված արժեզրկվում է:

XS
SM
MD
LG