Մատչելիության հղումներ

Փաստաբանները պնդում են, որ Մանվել Գրիգորյան վիճակը ծանր է և անհրաժեշտ է նրան Ֆրանսիա տեղափոխել


Մանվել Գրիգորյանը դատարանում, արխիվ։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, մի քանի հոդվածներով մեղադրվող Մանվել Գրիգորյանի փաստաբաններին պնդմամբ, իրենց պաշտպանյալի առողջական վիճակը ծանր է, և բուժման համար նրան անհրաժեշտ է տեղափոխել Ֆրանսիա։

«Ամենավերջին էպիկրիզով փաստվել է հիվանդությունների բացասական դինամիկան, հիվանդությունների վատթարացումը և հիվանդությունների բազմաթիվ տեսակ լինելը և ծանր վիճակը։ Բուժող բժիշկ Նորբերտ Ավետյանը բարձրաձայնեց, որ այս էպիկրիզի հիման վրա հիվանդությունները ուղղակի կյանքին վտանգ են սպառնում ցանկացած պահի, և այլևս Հայաստանում հնարավոր չէ եղած դեղամիջոցներով և սարքավորումներով բերել որոշակի դրական դինամիկայի։ Անգամ հաշվի չառնելով, որ երկրում, նաև Ֆրանսիայում կորոնավիրուս համաճարակն է տարածված, ուղղակի ասացին՝ կապ չունի, անհապաղ բերեք», - ասաց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն այս պահին գտնվում է տանը, բժիշկների հսկողության ներքո։ - «Վերակենդանացման բաժնի սարքավորումներով գտնվում է մեկուսացված իր տանը»։

Ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո հունվարի 15-ին գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։

Խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը քննարկվեց այն բանից հետո, երբ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ։

Նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Խափանման միջոցի փոփոխությունից հետո փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանի հետագա բուժումը Ֆրանսիայում շարունակելու համար։ Միջնորդությունը մերժվել էր։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշել էր, որ դատարանին որևէ ապացույց ներկայացված չէ այն մասին, որ Գրիգորյանի վիճակի վատթարացումն ուղղակիորեն կապ ունի արտերկրում հետազոտություն չանցնելու հետ։ Միջնորդության դեմ առարկել էր նաև մեղադրող կողմը։

Լևոն Բաղդասարյանը ընդգծում է․ - «Եթե չտեղափոխվի Գրիգորյանը արտերկիր՝ հետազոտման և հետագայում բուժման համապատասխան կուրսը անցնելու, ամբողջ պատասխանատվությունը նրա առողջության հետ կապված ընկնում է արդեն Հայաստանի Հանրապետության վրա»։

Հարցին, թե արդյոք եթե թույլ տրվի մեկնել Ֆրանսիա, Մանվել Գրիգորյանը պատրաստակամ է բուժման ավարտից հետո վերադառնալ Հայաստան, Բաղդասարյանն արձագանքեց․ - «Պարոն Գրիգորյանին մեղսագրվում է զազրելի արարք, և պարոն Գրիգորյանը մեկ ժամ շուտ ցանկանում է, որպեսզի դատական պրոցեսները իրականանան և ավարտվեն»։

63-ամյա գեներալի գործով դատական նիստերը մեկնարկեցին, 2019 թվականի մայիսից, սակայն դրանք պարբերաբար հետաձգվում էին, քանի որ Մանվել Գրիգորյանը վատառողջ լինելու պատճառաբանությամբ չէր ներկայանում նիստերին։ Իսկ այն նիստերը, որոնց ներկա էր, րոպեներ անց հետաձգվում էին, քանի որ նա պնդում էր, թե ինքնազգացողությունը վատացել է։

XS
SM
MD
LG