Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի կալանքը փոխարինվեց չհեռանալու ստորագրությամբ


ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատարանում, արխիվ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի` ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո, երեկ երեկոյան նրա խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Դատարանը բավարարեց մեղադրող կողմի ներկայացրած՝ խափանման միջոցը վերանայելու վերաբերյալ միջնորդությունը։

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ խափանման միջոցի փոփոխությունը վաղուց պետք է տեղի ունենար։ «Ես փաստեմ հետևյալը, որ Դատախազության միջնորդությունը ուշացած էր, բայց միևնույն ժամանակ իրավաչափ էր», - նշեց նա։

Երեկ հենց Դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը:

Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետը դատարանում հայտարարեց՝ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Պատասխանելով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանի հարցին՝ փորձագետն ասաց, որ գեներալի առողջական այս վիճակը համատեղելի չէ կալանքի հետ։ Ի դեպ, Մանվել Գրիգորյանը, որ ամիսներ շարունակ բուժում է ստանում ոչ թե բանտում, այլ «Նաիրի» բժշկական կենտրոնում, օրեր առաջ տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք։

«Ցավոք սրտի, ի հայտ է եկել բարդացում վիճակի հետ կապված, որը բժշկական տեսանկյունից, ես ուղղակի կարծիք կարող եմ հայտնել, որ ոչ ցանկալի բարդություն է, որը որ կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների ներկայումս։ Խոսքը սրտի ռիթմի պարոքսիզմալ խանգարման մասին է։ Պարոքսիզմը դա անակնկալ, հանկարծակի եկած մի հանգամանք է, մի ախտաբանություն է, և սրտի կծկումների հաճախականության հետ կապված՝ ինքը կարող է բերել անկանխատեսելի բարդությունների, այն, ինչ որ բերել է այստեղ արդեն՝ սուր սրտային անբավարարություն երրորդ-չորրորդ աստիճան, այսինքն՝ սա վերջին ստադիան է արդեն, վերջին փուլն է», - նշեց փորձագետը։

Ամիսներ առաջ նույն հանձնաժողովը եզրակացրել էր, որ Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։ Սակայն այսօր, ըստ փորձագետի, Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունների վատթարացում է նկատվում։ Դատավորը երեք տասնյակից ավելի հիվանդություն թվարկեց, այդ թվում՝ շաքարախտ և թոքի քաղցկեղ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է. - «Դա դատավորի որոշելու հարցն էր, և դատավորը պետք է կարողանար ճիշտ կողմնորոշվել։ Ես ենթադրում եմ, որ գնահատել է ճիշտ, որովհետև, ես կարծում եմ, նա մեծ շատ հեղինակություն ուներ՝ ոչ էնքան լավ իմաստով, և ազդեցության հնարավորություններն էլ մեծ էին, դե հիմա <....> պետք է առողջությունը այլևս թույլ չտար, այնպես որ՝ մարդկային տեսակետից, հումանիզմի տեսակետից պետք է արվեր փոփոխությունը»։

63-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

XS
SM
MD
LG