Մատչելիության հղումներ

Դատախազ. Երբ փաստաբանը ցածր ասում է՝ «բոյկոտում ենք», Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատանում է


Մանվել Գրիգորյանը դատարանում, արխիվ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ծանր հոդվածներով մեղադրվող Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստին պաշտպան Գուրգեն Գրիգորյանի՝ դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Դեռ նախորդ դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց այսուհետ առանձին քննել ամուսնու և կնոջ գործերը, քանի որ Գրիգորյանի՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։ Պաշտպանական կողմն այս որոշմանը դեմ էր։

«Երբ որ դատարանի գործի առանձնացման հիմքում դրվում էր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, և պաշտանության կողմն անընդհատ պահանջում է, որ այն եզրակացությունը, այն բժիշկները, որոնք, ինչպես ես ընթերցեցի, կասկածի տեղիք է տալիս, 2 շաբաթը 1 նշանակել, 3 շաբաթը 1 նշանակել, եթե վիճակը լավանա, նորից գործերը, վարույթը միացնել, այլ ընդամենը մեկ բան էր պետք անել, եթե անաչառությամբ քննում էր սույն գործը, ապա գոնե փորձագետները պետք է հրավիրվեին դատարան, և բազմիցս անձամբ ես այդ հարցը բարձրացրել եմ, գոնե հարց տրվեր՝ ի վիճակի՞ է լինելու Մանվել Գրիգորյանը մասնակցել դատական նիստերին, որը չարվեց», - ասաց Գուրգեն Գրիգորյանը։

Փաստաբան Լևոն Բաղդասարյանն արձագանքեց. - «Հարգելի՛ նախագահող, իմ պրակտիկայում երբեք չի եղել նախկին իշխանությունների օրոք, երբ 30-ից ավել ծանր հիվանդություն ունեցող, դանդաղ մահացող մարդուն պահեն կալանքի տակ»։

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ դատախազ Վահե Դոլմազյանն այսօր ուշագրավ հայտարարություն արեց։ Ասաց՝ նախորդ դատական նիստի ձայնագրությունը վերծանելով՝ պարզ է դառնում, որ երբ պաշտպանն ասել է՝ «բոյկոտում ենք», այդ խոսքից անմիջապես հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը սկսում է վատանալ. - «Իմ պրակտիկայում էլ չէր եղել դեպք, օրինակ՝ պաշտպան Բաղդասարյանը նշում է, որ իմ պրակտիկայում չէր եղել դեպք, որ այսպես, այսպես, այսպես, իմ պրակտիկայում էլ չի եղել դեպք, երբ ներկայացնում է, որ Մանվել Գրիգորյանը առողջական խնդիրներ ունի, կյանքին վտանգ սպառնացող ռիսկեր կան, սակայն ցածր տոնով փաստաբանը նշում է՝ «բոյկոտում ենք»։ Դրանից հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը հանկարծակի սկսում է վատանալ, դժգոհում է, նեղվում։ Եվ պաշտպանը դատարանից խնդրում է, որ ընդմիջի, նիստը հետաձգվի, քանի որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատանում է», - ասաց Վահե Դոլմազյանը։

Մեղադրող դատախազն ասաց՝ այն կասկածները, որ ժամանակ առ ժամանակ դատախազները հնչեցրել են, հաստատվել են նախորդ դատական նիստի ժամանակ. - «Դատական նիստի ձայնագրառումը կարող ենք հետազոտել այն դատական նիստի ժամանակ, որը վերաբերում է Մանվել Գրիգորյանին՝ արձանագրելով այդ փաստը՝ դրանից բխող իրավական հետևանքներով: Ողջամիտ դատաքննություն իրականացնելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով նաև նմանատիպ հանգամանքները՝ գտնում եմ, որ դատարանը ճիշտ որոշում է կայացրել՝ քրեական գործերը միմյանցից անջատելու համար», - ասաց Վահե Դոլմազյանը:

Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

XS
SM
MD
LG