Մատչելիության հղումներ

Դատարանի որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ արձակվեց


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։

Այսօր մեղադրող կողմը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը վերանայելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց, որին միացավ նաև պաշտպանական կողմը։

Այսօր 18։30 դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը:

Նշենք, որ երեկվանից Գրիգորյանը, ով ամիսներ շարունակ բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակն այս պահին կայուն ծանր է։

Մանվել Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետն այսօր դատարանում հայտարարեց, որ «ներկայումս Մանվել Գրիգորյանի մոտ արձանագրված վիճակը կյանքին սպառնացող վիճակ է»։

Պատասխանելով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանի հարցին, փորձագետն ասաց, որ Գրիգորյանը չի կարող առողջական այս վիճակում ՔԿՀ-ում լինել։

Նշենք, որ դեռ 2019-ի հոկտեմբերին հանձնաժողովը եզրակացրել էր, որ գեներալի առողջական վիճակը չի խոչընդոտում, որ ներկա լինի դատական նիստերին։

Ըստ եզրակացության, Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։ Սակայն այսօր, ըստ փորձագետի, Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունների վատթարացում է նկատվում, ինչն անհամատեղելի է կալանքի հետ։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն անազատության մեջ է ավելի քան 1,5 տարի։

63-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Գրիգորյանը կալանավորվեց 2018-ի հունիսին։ Դեկտեմբերի վերջին նա գրավի դիմաց ազատ արձակվեց, մեկ ամիս անց, սակայն, դատախազության միջնորդությունից հետո կրկին կալանավորվեց։

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով դատական նիստերը մեկնարկեցին 2019-ի մայիսից։ Սակայն դրանք պարբերաբար հետաձգվում էին, քանի որ Մանվել Գրիգորյանը վատառողջ լինելու պատճառաբանությամբ չէր ներկայանում նիստերին, իսկ այն նիստերը, որոնց ներկա էր, րոպեներ անց ևս հետաձգվում էին, քանի որ Գրիգորյանը պնդում էր, որ ինքնազգացողությունը վատ է։ Հենց այս պատճառով էլ նախորդ տարվա նոյեմբերի 26-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց առանձին քննել Գրիգորյանի և կնոջ գործերը։

Մայիսից մինչ օրս պաշտպանական կողմը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու տասնյակից ավելի միջնորդություններ է ներկայացրել, որոնք բոլորը մերժվել են նույն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

XS
SM
MD
LG