Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը բարելավվում է


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը բարելավվում է: Արդեն չորրորդ օրը հիվանդանոցում ինտենսիվ թերապիայի տակ գտնվող Բրիտանիայի վարչապետը կարողանում է նստել, շփվել բժիշկների հետ: Այդ մասին այսօր հայտնել են Բրիտանիայի կառավարության անդամները, որոնք Դաունինգ Սթրիթում մասնակցել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի նիստին:

Նրանք դժվարացել են ասել, թե Բորիս Ջոնսոնը մոտավորապես երբ դուրս կգրվի հիվանդանոցից: Վարչապետի բացակայության պայմաններում կառավարության նիստերը շարունակում է վարել արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը:

Մեծ Բրիտանիայի վարչապետի առողջական վիճակով հետաքրքրվել է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Երեկ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում Թրամփն ասել է, թե քիչ առաջ խոսել է Բրիտանիայի ներկայացուցչի հետ և տեղեկացել, որ Բորիս Ջոնսոնի վիճակը բավականին լավ է կամ առնվազն լավ:

Ինչ վերաբերում է Բրիտանիայում կորոնավիրուսի տարածմանը, ապա այստեղ լուրերն այնքան էլ լավատեսական չեն: Վերջին 24 ժամվա ընթացքում Բրիտանիայում արձանագրվել են մահվան ամենաշատ դեպքերը: Կորոնավիրուսից 938 մարդ է մահացել, այսպիսով արդեն 7000-ից ավելի մարդ է մահացել: Վիրուսի հաստատված դեպքերը մոտենում են 60 հազարի: Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում երեք շաբաթ շարունակվող սահմանափակումները մեղմացնելու նշաններ դեռևս չկան:

Այսօր լրանում է 100-րդ օրը, երբ առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղեկություն ստացավ Չինաստանում նոր վիրուսի բռնկման մասին: 100 օրվա ընթացքում սկզբնական շրջանում դանդաղ, այնուհետև արագորեն աշխարհով մեկ կորոնավիրուսը տարածվեց, և հիմա ավելի քան 1,5 միլիոն դեպք է արձանագրվել, զոհերի թիվը մոտենում է 89 հազարի, բուժվել է ավելի քան 330 հազար մարդ: Կորոնավիրուսի հետևանքով մահացությունը մոտավորապես 6 տոկոս է կազմում:

Վերջին շրջանում վատթարագույն իրավիճակներից մեկը Միացյալ Նահանգներում էր՝ 14 հազար 700-ից ավելի մահվան դեպքերով ԱՄՆ-ն դարձել է աշխարհի երկրորդ երկիրը: Ավելի շատ մարդ մահացել է Իտալիայում՝ 17 հազարից ավելի:

Մյուս երկրների՝ թեկուզ ամենածանր վիճակում գտնվող երկրների համեմատ, ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 3-4 անգամ ավելի են և արդեն անցել են 430 հազարը: Ամեն դեպքում Միացյալ Նահանգների նախագահն ասել է, թե կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու համար թունելի վերջում լույս է երևում:

Վարկի ամենաշատ դեպքերն արձանագրված Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քոումոն ասել է, թե «մենք հարթեցնում ենք կորը», միաժամանակ նշելով, որ վիրուսի տարածումը զսպելու ցանկացած հաջողություն դեռ շատ փխրուն է:

Իտալիայում և Իսպանիայում օրական դեռ հարյուրավոր մարդիկ են մահանում: Ֆրանսիայում ևս զոհերի թիվն անցավ 10 հազարը: Հիմա աշխարհում չորս երկիր կա, որոնցից յուրաքանչյուրում 10 հազարից ավելի մարդ է մահացել՝ Իտալիան, Միացյալ Նահանգները, Իսպանիան, Ֆրանսիան:

Չինաստանը հաղթահարում է կորոնավիրուսի համաճարակը: Երեկ կորոնավիրուսի օջախ Ուհան քաղաքում վերացվեց կարանտինը, բացվեցին ճանապարհները:

«Ռոյթերզ»-ի տեսանյութում Ուհանի հիվանդանոցի մահճակալները դատարկ են:

Աշխարհի տարբեր մասերում թվերը, իրավիճակը փոխվում է՝ վատթարանում, մեղմանում կամ ռիսկերը նկատելիորեն նվազում են, բայց վիրուսի տարածումը կանգ չի առնում: Յուրաքանչյուր օր հաղորդվում է հազարավոր նոր դեպքերի մասին:

Առողջապահության ոլորտի մասնագետները զգուշացնում են, որ դեռ պետք չէ արագորեն թուլացնել սահմանափակումները, դեռ վաղ է, որովհետև արագ քայլերը կարող են նպաստել վիրուսի տարածմանն անգամ այնտեղ, որտեղ տարածման տեմպը նվազել է:

XS
SM
MD
LG