Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 28-ով, բուժվածներինը՝ 27-ով, մահացել է ևս մեկ մարդ


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 28-ով՝ հասնելով 881-ի: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքը:

Կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալներով՝ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվածների թիվը նախորդ օրվա համեմատ աճել է 27-ով և այժմ 114 է: Բացասական են եղել կորոնավիրուսի 4 հազար 571 թեստերի արդյունքները:

Հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասավ 9-ի:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ մահվան նոր դեպքն արձանագրվել է Արտաշատի բժշկական կենտրոնում: «93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա», - Ֆեյսբուքում գրում է Ալինա Նիկողոսյանը:

Այսպիսով, ինչպես և երեկ՝ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվողների թիվը տվյալ պահին Հայաստանում 758 է:

«Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք և պիկը եղել է մարտի 31-ին, ապրիլի 1-ին», - այսօր Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով. - «Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք»:

Հիշեցնենք, նախորդ օրերին կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել էր 11-ով և 20-ով, մինչդեռ ապրիլի 4-ին հաստատված նոր դեպքերը 52-ն էին: Երկուշաբթի առավոտյան վարչապետը հույս էր հայտնել, որ այդ դինամիկան առաջիկա օրերին կպահպանվի, ինչի դեպքում, ըստ պետության ղեկավարի, հնարավոր կլինի գալիք երկուշաբթի օրվանից թուլացնել սահմանափակումները:

XS
SM
MD
LG