Մատչելիության հղումներ

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է ընդամենը 11-ով, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում, արխիվ

Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է ընդամենը 11-ով: Այդ մասին առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով։ Նախորդ օրվա 263 թեստերից դրական է ընդամենը 11-ը, այսինքն՝ միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել», - փոխանցեց վարչապետը:

Ընդգծելով, որ սա վերջին շրջանում աննախադեպ ցածր ցուցանիշ է, Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ դինամիկան առաջիկա օրերին կպահպանվի, ինչի դեպքում, ըստ պետության ղեկավարի, հնարավոր կլինի գալիք երկուշաբթի օրվանից թուլացնել սահմանափակումները:

«Եթե սա հաստատվի, <...> եթե մեր էս հույսը արդարանա, սա ի՞նչ կնշանակի՝ սա կնշանակի, որ միջոցառումները, որոնք մեզ բազմաթիվ անհարմարություններ են պատճառում, այդ միջոցառումները սկսել են դրական արդյունք տալ», - ասաց պետության ղեկավարը՝ շարունակելով. - «Եթե այդպես է, նշանակում է, որ մենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ավելի խստորեն թե պահենք ինքներս, պահենք պարետատան սահմանած սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ մենք երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և արդեն մտածենք բնականոն կյանքի վերադառնալու համար»:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված ևս մեկ անձ է մահացել՝ 68 տարեկան քաղաքացի, որը բացի երկկողմանի պոլիսեգմենտար ձուլվող թոքաբորբից ունեցել է շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում՝ իշեմիկ տիպի:

Այդպիսով, կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը Հայաստանում հասավ 833-ի, մահացել է 8 մարդ, բուժվել է, ըստ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը, 62-ը՝ նախորդ օրվա համեմատ 5-ով ավելի:

Տվյալ պահին փաստացի բուժվողների թիվն է 763, բացասական են եղել ընդհանուր թվով 4 հազար 96 թեստերի արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG