Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 20-ով, բուժվածների թիվն աճել է 25-ով


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մարտ, 2020թ.
Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մարտ, 2020թ.

Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 20-ով՝ հասնելով 853-ի: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքը:

Կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալներով՝ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվածների թիվը նախորդ օրվա համեմատ աճել է 25-ով և այժմ 87 է: Բացասական են եղել կորոնավիրուսի 4 հազար 287 թեստերի արդյունքները:

Հիվանդությունից մինչ օրս մահացել է 8 մարդ:

Այսպիսով՝ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվողների թիվը տվյալ պահին Հայաստանում 758 է:

Հիշեցնենք, նախորդ օրը կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել էր 11-ով, մինչդեռ ապրիլի 4-ին հաստատված նոր դեպքերը 52-ն էին: Երեկ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաինյանը հույս էր հայտնել, որ այդ դինամիկան առաջիկա օրերին կպահպանվի, ինչի դեպքում, ըստ պետության ղեկավարի, հնարավոր կլինի գալիք երկուշաբթի օրվանից թուլացնել սահմանափակումները:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտնել էր, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը երկրում կրկնապատկվում է արդեն 8 օրը մեկ` նախկին 7-ի փոխարեն, և կրկին կոչ արել «տեղավորվել արտակարգ դրության և պարետի ցուցումների շրջանակներում, տնից անհարկի դուրս չգալ, օգտվել միայն կենսական անհրաժեշտության ծառայություններից՝ խանութ, դեղատուն և այլն»:

Նախարարը երեկ նաև տեղեկացրել էր, որ վարակվածների մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, 146 հոգի ունի թոքաբորբ, մոտ 35 հոգի ծանր վիճակում են գտնվում և ծայրահեղ ծանր՝ 8-ը:

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետն ասաց. - «Երեկվա դեպքերը, մեր նոր դեպքերը 20-ն են, նախորդ օրվա հետ համեմատած ավելի շատ է, իհարկե, թեստերը մի քիչ ավելի քիչ են՝ թեստերի քանակը՝ 211, բայց Առողջապահության նախարարությունը և Պարետատունը կարծում են, որ երեկվա մեր գնահատականը շարունակում է պահպանվել»: «Եվ երեկ նաև շատ բացառիկ օր է եղել նրանով, որ փաստորեն մեր դուրս գրված, այսինքն՝ առողջացումով դուրս գրված պացիենտները ավելի շատ են եղել առաջին անգամ, քան նոր ախտորոշումները՝ 20 հոգի նոր ախտորոշում ունենք և 25 հոգի առողջացումով դուրս գրված պացիենտ ունենք, և սա լավ նորություն է», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

«Պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը», - ընդգծեց պետության ղեկավարը՝ խնդրելով այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ, առավել լրջությամբ պահել սահմանափակումները, որպեսզի երկուշաբթի օրվանից «սկսենք ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրել, եթե վիճակագրությունը, իհարկե, նման բանի հնարավորություն տա»:

XS
SM
MD
LG