Մատչելիության հղումներ

Կորոնավիրուս, 7-ը ապրիլի. տարածման տեմպերը փոքր-ինչ դանդաղում են


Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի փողոցները դեռ սակավամարդ չեն,

Կիրակի երեկոյան հոսպիտալացված Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ հիվանդանոցում: Նա ինտենսիվ թերապիա է ստանում: 55-ամյա վարչապետի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել 10 օր առաջ: Նա ինքնամեկուսացել էր, աշխատում էր տնից, բայց կիրակի երեկոյան տեղափոխվել է հիվանդանոց և հիմա ինտենսիվ թերապիա է ստանում:

Վարչապետի գրասենյակը հաղորդում է, որ նրա գիտակցությունը տեղն է, և թոքերի օդամղիչ սարքի կարիք չունի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի խոսել է բիոկենսաբանական ու դեղագործական ամերիկյան ընկերությունների ղեկավարների հետ և երկու ընկերությունների հորդորել է կապվել Բրիտանիայի կառավարության հետ, Բորիս Ջոնսոնին օգնելու համար առաջարկել իրենց ծառայությունը:

«Նրանք արդեն հանդիպել են բժիշկներին և կտեսնեն, թե արդյոք օգնության կարիքը կա»,- ասել է Թրամփը:

Սպիտակ տան ճեպազրույցում Թրամփն ասել է, թե ամերիկացիները աղոթում են Բորիս Ջոնսոնի համար. «Նա լավ ընկեր է, նա իսկապես հատուկ անձնավորություն է, ուժեղ, վճռական, չհանձնվող»:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածումը կանգ չի առնում: Հիվանդության հետևանքով մահվան դեպքերը շարունակվում են: Բրիտանիայում կորոնավիրուսի հետևանքով արդեն ավելի քան 400 մահվան նոր դեպք է գրանցվել: Զոհերի ընդհանուր թիվն այստեղ հասել է մոտավորապես 5 հազար 400-ի:

24 ժամվա ընթացքում ամենաշատ մահվան դեպքերն արձանագրվել են Միացյալ Նահանգներում` 1150 մարդ է մահացել: Սա աշխարհում մեկ օրվա կտրվածքով ամենամեծ ցուցանիշն է:

Եվրոպայում հակառեկորդ է գրանցվել Ֆրանսիայում. մեկ օրվա մեջ այնտեղ 833 մարդ է մահացել: Հիվանդության հետևանքով այդքան շատ զոհեր Ֆրանսիան չէր ունեցել: Առողջապահության նախարար Օլիվյե Վերանը այսօր BFM հեռուստաընկերության հարցազրույցում ասել է, թե Ֆրանսիան դեռ գտնվում է համաճարակի խորացման փուլում: Ինտենսիվ թերապիայի անցնող հիվանդների քանակը դեռ աճում է: Նա նշել է, որ երկրում սահմանափակումները կպահպանվեն այնքան ժամանկ, որքան անհրաժեշտ է: Նախորդ օրերի որոշ թուլացումից հետո անցած երկուշաբթի զոհերի թիվը Ֆրանսիայում աճել է` գրեթե հասնելով 9 հազարի:

Վարակի օջախ Չինաստանում հունվարից ի վեր առաջին անգամ մահվան ոչ մի դեպք չի արձանագրվել: Իսկ կորոնավիրուսի վարակի ընդամենը 32 նոր դեպք է հաստատվել, ամփոփելով երկուշաբթի օրվա տվյալները այսօր հայտնել է Ազգային առողջապահական հանձնաժողովը:

Վարակի նոր դեպքերի առումով աշխարհում, այնուամենայնիվ, նկատելի են որոշ դրական փոփոխություններ: Կորոնավիրուսի տարածման տեմպերը դանդաղում են` անցած շաբաթվա կամ շաբաթների համեմատ: Վիրուսի մոտավորապես 4 հազար նոր դեպք է հաստատվել աշխարհում, այդ թվում` ավելի քան 1100-ը` Ռուսաստանում, որը մեկ օրվա տվյալներով հիմա ամենամեծ թիվն է, երկրորդ տեղում Միացյալ Նահանգներն է` 600-ից ավելի նոր դեպքով:

Մինչև հիմա կորոնավիրուսից մեծապես տուժած եվրոպական երկրներում` Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, ինչպես նաև Իրանում վարակի նոր դեպքերը նվազում են: Ինչ վերաբերում է ընդհանուր թվերին, այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 1 միլիոն 300 հազարից ավելի դեպք, մոտավորապես 287 հազար մարդ բուժվել է, գրեթե 75 հազարը` մահացել:

XS
SM
MD
LG