Մատչելիության հղումներ

Աշխարհում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել


ԱՄՆ - Կորոնավիրուսով վարակվածին տեղափոխում են հիվանդանոց, Նյու Յորք, 5-ը ապրիլի, 2020թ.

Աշխարհում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը շարունակում է աճել: Ամենաշատ դեպքերն այս օրերին արձանագրվում են Միացյալ Նահանգներում, որտեղ միայն երեկ գրանցվել է 30 հազարից ավելի նոր դեպք, կորոնավիրուսով վարակված ավելի քան հազար մարդ է մահացել: Կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվն ԱՄՆ-ում արդեն շուրջ 367 հազար է, մահացածների ընդհանուր թիվը մոտենում է 11 հազարի: Մահացության ցուցանիշով ԱՄՆ-ը աշխարհում երրորդ երկիրն է, այնտեղ հիվանդանոցների երեք քառորդն արդեն բուժում է միայն կորոնավիրուսով հիվանդների:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է մեկ միլիոն 350 հազարին, մահվան դեպքերի թիվը՝ 75 հազարին, հիվանդությունից բուժվել է շուրջ 286 հազար մարդ:

Անցած շաբաթվա վերջից Իտալիայում և Իսպանիայում մահացությունը նվազել էր, սակայն երեկ օրվա ընթացքում կրկին բարձրացավ՝ Իտալիայում գրանցվեց 636, Իսպանիայում՝ 700 մահվան դեպք:

Ֆրանսիայում վերջին մեկ օրվա ընթացքում 833 մարդ է մահացել, մահացածների ընդհանուր թիվը մոտ 9 հազար է:

Մեծ Բրիտանիայում անցած մեկ օրում մահացածների թիվը զգալիորեն ցածր է՝ 439 մարդ: Վարչապետ Բորիս Ջոնսոնը, ում մոտ տասն օր առաջ կորոնավիրուս է ախտորոշվել, տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Միացյալ Թագավորության խոսնակն ասել է, որ Ջոնսոնը «գերազանց բժշկական օգնություն» է ստանում:

Գերմանիան, որը հայտնաբերված դեպքերի քանակով աշխարհում չորրորդն է՝ համեմատաբար ցածր մահացությամբ, հայտարարել է բիզնեսին աջակցելու նոր միջոցների մասին` ընկերությունները կկարողանան ստանալ մինչև 800 հազար եվրո չապահովված վարկեր:

Ճապոնիայում ևս բիզնեսի աջակցման մեծ ծրագիր է ներկայացվել, երկրի մի քանի շրջաններում համեմատաբար թեթև կարանտին է հայտարարվել:

Ավստրիայում, Չեխիայում, Գերմանիայում և Դանիայում քննարկում են սահմանափակումներն աստիճանաբար վերացնելու հնարավորությունը, Ուկրաինան, հակառակը, խստացրել է համաճարակի դեմ պայքարի միջոցները՝ այժմ փողոց կարելի է դուրս գալ միայն դիմակներով, մետրոն դեռ չի գործում:

Ռուսաստանում վարակակիրների ընդհանուր թիվը վերջին մեկ օրվա ընթացքում աճել է գրեթե հազարով՝ կազմելով ավելի քան 6 հազար մարդ: Համաճարակի սկզբից ի վեր երկրում մահացել է 53 մարդ: Վարչապետ Միխայիլ Միշուստինը մարզերի ղեկավարներին հիշեցրել է, որ իրենց լիազորությունները թույլ չեն տալիս փակել վարչական սահմանները: Ռամզան Կադիրովը վարչապետին պատասխանել է, որ միևնույն է՝ Չեչնիա չեն կարող մուտք գործել այնտեղ գրանցում չունեցողները: Բացի այդ, Չեչնիայի ղեկավարը գովել է ոստիկանին, որը ծեծի է ենթարկել ինքնամեկուսացման ռեժիմը խախտողին: «Ինձ համար ավելի լավ է մեկին ծեծել, քան հազարավոր մարդկանց թաղել: Ում պետք է՝ մահակներով կծեծեմ: Ում պետք է՝ բանտ ու նկուղ կնստեցնեմ», - հայտարարել է Կադիրովը: Ծեծի ենթարկված տղամարդը և նրա ընտանիքի անդամներն արդեն հեռուստատեսությամբ ներողություն են խնդրել:

Ղազախստանում վիրուսը հայտնաբերվել է 120 բուժաշխատողի մոտ, ընդհանուր առմամբ երկրում ավելի քան 600 հիվանդ կա:

XS
SM
MD
LG