Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները՝ կորոնավիրուսի համաճարակի նոր էպիկենտրոն


ԱՄՆ - Բուժաշխատողները հիվանդանոց են տեղափոխում կորոնավիրուսով վարակվածին, Նյու Յորք, 1-ը ապրիլի, 2020թ.
ԱՄՆ - Բուժաշխատողները հիվանդանոց են տեղափոխում կորոնավիրուսով վարակվածին, Նյու Յորք, 1-ը ապրիլի, 2020թ.

Կորոնավիրուսի համաճարակի նոր էպիկենտրոն դարձած Միացյալ Նահանգներում իշխանությունները մարդկանց կոչ են անում փողոց դուրս գալ դիմակով՝ առնվազն դեմքը ծածկած:

Աշխարհում վարակվածների թվով Միացյալ Նահանգներն առաջատար է, այստեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն արդեն գերազանցում է 245 հազարը, մահացածներինը՝ 6 հազարը:

Սպիտակ տան բժշկական փորձագետների կանխատեսումների համաձայն՝ առաջիկայում սպասվում է թերևս ամենածանր շրջանը: Չնայած խիստ սահմանափակումներին՝ երկրում զոհերի թիվը կարող է հասնել 100 հազարից մինչև 240 հազարի:

Վարակի տարածումը կանխելու նպատակով նախօրեին ամերիկյան իշխանությունները սկսեցին երկրի բնակչությանը հորդորել դիմակներ կրել կամ դեմքը ծածկել սովորական շարֆով: Երկրի խոշորագույն քաղաքների ղեկավարների այս հորդորների օրինակով նման հայտարարություն է հնչեցրել նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Համաճարակի դեպքեր են արձանագրվել երկրի բոլոր նահանգներում անխտիր, երկրում կյանքը կաթվածահար է եղել, բնակչության շուրջ 90 տոկոսն իշխանություններից կարգադրություն է ստացել տնից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Վարակի դեպքերի ամենամեծ թիվը՝ մոտ 50 հազար, Նյու Յորքում է, զոհվել է 1562 մարդ: Հիվանդանոցների ծանրաբեռնվածության պատճառով նահանգային կառավարությունը գործի է դրել դաշտային հոսպիտալներ:

Ամերիկյան մի շարք քաղաքներում հիվանդանոցների բուժանձնակազմը բողոքի ակցիաներ է իրականացնում՝ կառավարությունից պահանջելով ապահովել անհրաժեշտ բուժսարքավորումներով, պաշտպանիչ դիմակներով:

Համաճարակի դեմ պայքարի շրջանակում անցած օրերին Ռուսաստանից Նահանգներ ուղարկված բժշկական նշանակության ապրանքների հարցով Reuters գործակալությանը հաջողվել է որոշ մանրամասներ պարզել: Ամերիկյան կառավարության անանուն աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ խոսքը հումանիտար օգնության մասին չէր, ինչպես շտապել էր հայտարարել պաշտոնական Մոսկվան: Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ կառավարությունը շուկայականից ցածր գներով Ռուսաստանից ձեռք է բերել բժշկական սարքավորումներ, սակայն գործարքի գները և ծավալները նախընտրել է չմանրամասնել:

Միացյալ Նահանգներում բժշկական սարքավորումների խիստ պակասը լրացնելու և այլ կարիքները բավարարելու նպատակով Սպիտակ տան ղեկավարը ստորագրեց պաշտպանական արդյունաբերության մասին օրենքը, որը նախագահին լիազորում է երկրի խոշոր ընկերություններից պահանջել արտադրել անհրաժեշտ սարքավորումներ: Թրամփի խոսքով՝ առաջին հանձնարարությամբ ամերիկյան խոշոր կորպորացիաներից մեկը պարտավորվել է արտադրել շնչադիմակ: Առաջիկա տասներկու ամիսների ընթացքում շուկա կմտնի մինչև 2 միլիոն սարքավորում: Համաճարակի դեմ պայքարի գործին կմիանա նաև General Motors-ը, որն արտահերթ կարգով կարտադրի արհեստական շնչառության սարքեր:

Համաճարակով պայմանավորված սահմանափակումների ֆոնին ամերիկյան տնտեսությունը ծանր կորուստներ է կրում, գործազրկությունը հասել է պատմական ցածր մակարդակի: 330 միլիոն բնակչություն ունեցող երկրում վերջին մեկ շաբաթվա տվյալներով գործազուրկների թիվը հասել է 6 միլիոն 650 հազարի՝ նման ծավալներ Միացյալ Նահանգներում չէին արձանագրվել 1982 թվականից ի վեր, շաբաթներ առաջ աշխատանք չունեցող բնակիչներն ընդամենը 3,5 տոկոս էին կազմում, ինչը վերջին 50 տարվա ընթացքում նվազագույն ցուցանիշն էր:

XS
SM
MD
LG