Մատչելիության հղումներ

Նյու Յորքը ծանրագույն կացության մեջ է


Բրուքլինի շրջանի հիվանդանոցի բժիշկները, Նյու Յորք, 1 ապրիլի, 2020թ.

Միացյալ Նահանգների ամենաբնակեցված քաղաք Նյու Յորքը, որը նաև մոլորակի ֆինանսական մայրաքաղաքներից մեկն է, այսօր հայտնվել է ծանրագույն վիճակում:

Բուն քաղաքում ապրում է ավելի քան 8,5 միլիոն մարդ, իսկ բազմաթիվ արվարձանների և հարակից շրջանների հետ միասին՝ ավելի 20 միլիոն:

Հենց այս օրերին Նյու Յորքը դարձել է ողբերգության, բազմաթիվ մահերի, խուճապի, քաոսային դրսևորումների, ոմանց կողմից անփությության և այդ ամենի հետ մեկտեղ՝ նոր կորոնավիրուսի դեմ կատաղի պայքարի ռազմադաշտ, որտեղ առաջնագծում բժիշկներներն են, հրշեջները, ոստիկանները, պետական կառույցների աշխատակիցները և հարյուր հազարավոր կամավորներ:

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն իր պաշտոնակից նահանգապետերին զգուշացնում է համավարակի պայթյունաձև տարածման վտանգի մասին և կոչ է հնարավորինս արագ ձեռնարկել վիրուսը հակազդելու միջոցներ:

«Նայեք մեզ և պատկերացրեք ձեր վաղվա օրը», - ասել է նահանգապետը:

Ապրիլի 1-ի երեկոյան դրությամբ Նյու Յորքում գրանցվել է նոր կորոնավիրուսի 84 հազար դեպք, դրանք մեկ օրում ավելացել են գրեթե 8 հազարով, մահացել է մոտ 2000 մարդ, կորուստների թիվը մեկ օրում ավելացել է 400-ով:

Եվ չնայած այդ սարսափելի վիճակագրությանը, չնայած նահանգային, քաղաքային և շրջանային իշխանությունների անհաշիվ հորդոր-պահանջներին, երիտասարդները բակերում, խաղահրապարակներում բասկետբոլ են խաղում, ուստի, Կուոմոն կարգադրել է փակել բոլոր խաղահրապարակները:

Նա ասել է, որ ոչ ոք պաշտպանված չէ COVID-19-ից և հայտնել, որ վարակվել է նաև իր եղբայրը՝ CNN-ի հաղորդավար Քրիս Կուոմոն:

Նյու Յորքի ամենամարդաշատ մունիցիպալ միավոր Բրուքլինում հիվանդանոցի աշխատակիցները բառիս բուն իմաստով ուժասպառ են։ Դոկտոր Մոնալիսա Մուչատուտան կարճ տեսաուղերձով դիմել է բնակիչներին՝ ասելով, որ ուզում է մարդկանց նախազգուշացնել հիվանդության վտանգի մասին, կոչ է անում մնալ տներում:

«Մեր դեղամիջոցները սպառվում են, սարքավորումների աշխատանքը խափանվում է, մաշվում են, չեն հերիքում պաշտպանիչ սարքերը, դիմակները, ռեսպիրատորները, դեմքը պաշտպանող վահանները, ձեռնոցները, հատուկ հագուստը․․․ մեզ մոտ նույնիսկ թթվածինն է վերջանում, իսկ այն COVID-19-ից տառապողի վերջին հույսը կարող է լինել», - ասել է բժշկուհին:

Նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ուշ երեկոյան կրկնել է այն, ինչ նախօրեին է ասել:

«Դժվար օրեր են ազգի առաջ, այս օրերից սկսած՝ առաջիկա երկու շաբաթը կարող է սարսափելի լինել, բայց նույնիսկ ամենածանր պահերին Ամերիկայի ժողովուրդը չի ընկճվում, մենք չենք հանձնվում, մենք միավորվում ենք, մենք համառում ենք և հաղթում», - ասել է նախագահը:

Թրամփը հայտնել է նաև, որ շատ շուտով երկիրն ամբողջությամբ ապահովված կլինի թոքերի օդափոխության սարքերով:

«Հիմա արտադրում ենք հազարավոր սարքեր, իհարկե, դա ժամանակ է պահանջում, ոչ ոք պատրաստ չէր նման արհավիրքի, շատ շուտով կունենանք հազարավոր սարքեր և որոշ քանակ ամբարելուց հետո դրանք կուղարկենք աշխարհին՝ Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, այլ տեղեր», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև չի բացառել վիրուսի տարածումը զսպելու համար երկրի ներսում օդային հաղորդակցությունը միառժամանակ չեղարկելու տարբերակը:

Կորոնավիրուսը նաև աշխարհքաղաքական հարաբերությունների գործոն է դարձել, ռուսաստանյան բոլոր հեռուստակայանները երկու օր շարունակ հաղորդում են, որ գերծանր բեռնատար ինքնաթիռը Ռուսաստանից մարդասիրական օգնություն է հասցրել Ամերիկա, ինչի մասին ավելի վաղ պայմանավորվել են նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը:

Մոսկվայում երեկ հպարտությամբ ընդգծում էին օգնության մարդասիրական բնույթի հանգամանքը:

Դրա նպատակն է, հավանաբար, խթանել ռուսների հպարտությունը՝ «Տեսե՛ք, մենք օգնում ենք գերտերություն Ամերիկային»:

Ամերիկացիները շնորհակալություն են հայտնել դրա համար և հայտնել, որ համաշխարհային պատուհասի ժամին երկու երկրները պետք է համագործակցեն:

Բայց մեկ կարևոր ճշտում՝ ամերիկյան կողմը վճարել է այդ օգնության համար, վճարել և միաժամանակ ամենայն անկեղծությամբ, սրտանց շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին:

Մարտի 2-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 228 հազար դեպք, մահացել է ավելի քան 5370 մարդ, ապաքինվել է ավելի քան 10280 հիվանդ: Կորոնավիրուսը գրանցվել է երկրի բոլոր նահանգներում:


XS
SM
MD
LG