Մատչելիության հղումներ

Թրամփը փորձում է նավթի շուկայում շտկել իրավիճակը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է նավթի միջազգային շուկայում շտկել իրավիճակը:

Այն կտրուկ վատթարացել է Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի նավթային պատերազմի հետևանքով: Գումարած՝ կորոնավիրուսի համաճարակը, որի պատճառով համաշխարհային տնտեսության ակտիվությունը զգալիորեն անկում է ապրում, նավթի պահանջարկը խիստ կրճատվել է:

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի հետ:

Թրամփի փոխանցմամբ՝ նավթարդյունահանող երկու խոշոր երկրներն ասել են, որ նավթի օրական արդյունահումը կկրճատեն 10-ից 15 միլիոն բարելի չափով: Այդ մասին նա գրել է նաև Թվիթերի իր էջում:

Դա աննախադեպ քանակի կրճատում է, որը նշանակում է նավթի համաշխարհային արդյունահանման մոտավորապես 10-15 տոկոսի կրճատում:

Նա հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը մոտ ապագայում հանդես կգան համաձայնության մասին հայտարարությամբ:

«Դա լավ կլինի թե՛ Սաուդյան Արաբիայի, թե՛ Ռուսաստանի համար, հուսով եմ՝ նրանք գործարք կկնքեն», - ասել է Թրամփը:

Իսկ եթե գործարքը, այնուամենայնիվ, ինչ-ինչ պատճառներով տեղի չունենա, ապա Միացյալ Նահանգների նախագահն ասել է, թե դրա այլընտրանքը կա, բայց ինքը այլընտրանքային տարբերակ չի ցանկանում, նախընտրում է, որ գործարքը կայանա:

Թրամփը նշել է, որ համաձայն չէ ԱՄՆ-ի ներսում կրճատել նավթի արդյունահանումը: Այսօր նա Սպիտակ տուն է հրավիրել ամերիկյան նավթ արդյունահանող ընկերությունների ղեկավարներին՝ քննարկելու համար ոլորտին աջակցելու հնարավորությունները:

«Մենք չենք ցանկանում կորցել նավթի մեր մեծ ընկերությունները», - երեկ ասել է նա:

Սաուդյան Արաբիայի ու Ռուսաստանի տարաձայնությունները սկսվել էին մարտի սկզբից, երբ նրանք չկարողացան համաձայնության հասնել նավթի արդյունահանման ծավալների շուրջ: Սաուդյան Արաբիան ավելացրեց նավթի արդյունահանումը, գինը միջազգային շուկայում կտրուկ ընկել է, ինչն առաջին հերթին վնասում է նավթ արդյունահանող երկրներին, քանի որ այդ երկրների բյուջեն հիմնականում հենվում է նավթից ակնկալվող գումարների վրա, իսկ հիմա նրանք զրկվում են հիմնական եկամտի աղբյուրներից:

Նավթի մեկ բարելի գինն ընկել է մինչև 20 դոլարի: 2002 թվականից ի վեր սա նավթի ամենացածր գինն է:

Մյուս կողմից, կորոնավիրուսի համաճարակի պատճառով ամբողջ աշխարհում տնտեսական ակտիվությունն անկում է ապրում, և ակնկալվում է, որ ապրիլին միջազգային շուկայում նավթի պահանջարկը մեկ երրորդով կկրճատվի:

Նավթ արտահանող երկրների միության՝ OPEC-ի փաստացի առաջնորդ Սաուդյան Արաբիան երեկ ասել է, թե արտահերթ հանդիպում է հրավիրում՝ քննարկելու նավթի շուկայում իրավիճակը կայունացնելու հարցը:

Նույն օրը Ռուսաստանը, որն OPEC-ի անդամ չէ, հայտարարել է, թե կհամագործակցի OPEC-ի հետ, նաև հավաստիացնելով, որ չի ավելացնի նավթի արդյունահանման ծավալները:

Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի հետ բանակցելու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո միջազգային շուկայում հում նավթի գինը մեկ օրվա կտրվածքով արձանագրել է ամենաբարձր աճը: Հետևելով Ուոլ Սթրիթին՝ այսօր ասիական շուկաներում ևս բաժնետոմսերի գնի աճ և կայունություն է արձանագրվել:

XS
SM
MD
LG