Մատչելիության հղումներ

Նավթի գների անկումը խուճապային տրամադրություններ է ստեղծել ռուսական համացանցում


Ռուսաստան - «Ռոսնեֆտ» պետական ընկերության շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսական համացանցում խուճապային տրամադրություններ են` «սև երկուշաբթի», «նորից ճգնաժամ», - գրում են ռուսաստանցի մեկնաբանները։

Նավթի գների ավելի քան 30 տոկոս անկման պայմաններում ռուբլին նույնպես կտրուկ անկում է արձանագրել այսօր՝ համաշխարհային շուկայում դոլարն արժե 74 ռուբլի, իսկ եվրոն հասավ 86 ռուբլու:

Ռուսաստանը, հիշեցնենք, նախօրեին հրաժարվել էր կորոնավիրուսի համաճարակի արագ տարածման ֆոնին նավթի արդյունահանման լրացուցիչ նվազեցման շուրջ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) հետ համաձայնության գալ, ինչին արձանգանքեց Սաուդյան Արաբիան` հայտարարելով, թե նույնպես հանում է արդյունահանման սահմանափակումները, ավելին՝ իր հիմնական գործընկերներին պատրաստ է նավթ վաճառել զեղչով:

Ռուսաստանի կենտրոնական բանկն արդեն հայտարարել է, որ դադարեցնում է տարադրամի պլանային գնումները 30 օրով՝ ֆինանսական շուկայում խուճապային վիճակ չստեղծելու համար: Սա, սակայն, վերլուծաբանների կարծիքով, ակնհայտորեն բավարար չի լինի ներքին շուկայի կայունացման համար:

Bloomberg-ի տվյալներով՝ Brent տիպի նավթի ֆյուչերսային պայմանագրի գինն արձանագրվել է 31.02 դոլար, ինչը 31,5 տոկոսով ցածր է ուրբաթ օրվա գներից:

Ընդ որում, այս ճգնաժամի համար փորձագետները մեղադրում են Ռուսաստանի իշխանություններին։

Նավթի գների արագ անկումը տեղի ունեցավ, երբ OPEC-ի շրջանակում նավթի առաջատար արտահանողները չկարողացան պայմանավորվել ամենօրյա արդյունահանման լրացուցիչ 1,5 միլիոն բարել կրճատման շուրջ: Մինչև ամսվա վերջ ուժի մեջ է մնում օրական 1,7 միլիոն բարել կրճատելու մասին համաձայնագիրը: Սակայն Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակի խոսքով՝ ապրիլի 1-ից երկրները նավթի արդյունահանումը նվազեցնելու պարտավորություններ այլևս չունեն:

Ռուսաստանի այս քայլին արագ արձագանքեց Սաուդյան Արաբիան՝ հայտարարելով որ պատրաստ է օրական 10 միլիոն բարել նավթ արտահանել և զգալի զեղչով վաճառել այն իր հիմնական գործընկերներին:

«Ակնհայտ է, որ սա Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ցանկություն է, և նրանք ստիպելու են բանակցել կարտելի հետ, որպեսզի միասին փորձեն վերադարձնել առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը շուկա», - ասում է «Ֆրիդոմ ֆինանս» ընկերության վերլուծաբան Եվգենի Միրոնյուկը։

Ընդ որում, միջազգային փորձագետների կարծիքով, նավթի շուկայի համար կանխատեսումն ավելի ցավալի է, քան 2014 թվականի նոյեմբերին, երբ սկսվել էր նման գնային պատերազմը, քանի որ այսօր աշխարհում առանց այդ էլ նավթի պահանջարկի զգալի անկում կա կորոնավիրուսի պատճառով։

Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են տնտեսության դիվերիֆիկացիայի, նավթի գներից կախվածությունը թուլացնելու մասին, սակայն իրականությունը մնում է նույնը՝ նավթի գնի անկումն անմիջապես ազդում է ռուսական շուկայի և ռուբլու վրա։

Նույն Bloomberg-ի տվյալներով՝ ռուսական ռուբլին զարգացող շուկաներում արժույթների շարքում այսօր անկման առաջատարն է՝ դոլարի դիմաց այն մի քանի ժամում նավթի գների անկման ֆոնին կորցրել է ավելի քան 7 տոկոս։

Ռուսաստանի իշխանությունները ավանդույթի համաձայն հանգստացնում են բնակչությանը՝ հայտարարելով, թե Ռուսաստանի հիմնադրամում կուտակված միջոցները բավարար կլինեն նավթի գների անկումից բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։

Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ Ռուսաստանի կուտակած միջոցները կազմել են ավելի քան 10,1 տրիլիոն ռուբլի կամ ՀՆԱ 9,2 տոկոսը: Այսպիսով, եթե նույնիսկ նավթի գների այսօրվա մակարդակը պահպանվի, միջոցները բավարար կլինեն՝ 6-10 տարվա ընթացքում կատարելու բյուջետային պարտականությունները, հայտարարում են Ռուսաստանի իշխանությունները։

Ռուսաստանցիներն էլ համացանցում գրում են, թե սաուդցիները կրկնում են Խորհրդային Միության փլուզման սցենարը։ Հայտնի վերլուծաբան Վլադիսլավ Ինոզեմցևը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում մասնավորապես գրում է. - «Առաջին անգամ հայտնվեց մի երկիր, որը կոշտ և բացահայտ արձագանքեց Մոսկվայի գործողություններին: Սաուդյան Արաբիան Եվրոպան չէ, որը քնքշորեն փորձել է համոզել Կրեմլին, որ Վրաստանի և Ուկրաինայի հետ պատերազմել պետք չէ։ Այս դեպքում մենք գործ ունենք մի երկրի հետ, որը հասկանում է, թե ինչ ուժ ունի, և պատրաստ է օգտագործել այն: Այս ուժը չի հաշվարկվում ռազմական ստորաբաժանումներով և մարտագլխիկներով, սակայն կարող է ավելի մեծ վնաս հասցնել Ռուսաստանին, քան Ռուսաստանի ռազմական հակառակորդներից որևէ մեկը»:

Ինոզեմցևը շարունակում է, որ Կրեմլը մեծ ընտրություն չունի՝ կա՛մ պետք է պնդի, թե խնդիր չկա, և ոչ մի շեյխ չի կարող խախտել Ռուսաստանի կայունությունը, իսկ ինքնիշխանությունն ավելի կարևոր է, քան կենսաթոշակները, կա՛մ արդեն առաջիկայում վերադառնա բանակցային սեղանի շուրջ և ստորագրի նոր համաձայնագիր՝ նվազեցնելով նավթի արտադրությունը օրական 1-1,5 միլիոն բարելով:

XS
SM
MD
LG