Մատչելիության հղումներ

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են


Ընտրություններ Արցախում, արխիվ

Այսօր Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են անցկացվում:

Համապետական ընտրությունների քվեարկությունը մեկնարկեց ժամը 8-ին:

Նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 14 թեկնածու, Ազգային ժողովի 33 մանդատների համար մրցում են 12 քաղաքական ուժեր: Ըստ Արցախի ոստիկանության՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 663, որոնցից 776-ը կքվեարկեն Երևանում ձևավորված ընտրական տեղամասում:

Ընդհանուր առմամբ կազմավորվել է 282 ընտրատեղամաս՝ ներառյալ մեկը Երևանում:

Կորոնավիրուսի տարածման սպառնալիքը նկատի ունենալով՝ իշխանությունները ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ: Մասնավորապես՝ հատուկ հեղուկով ախտահանում էին ընտրատեղամասերը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն էլ երեկ հայտնեց, որ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքացիներին, դիտորդներին, լրագրողներին և ընտրատեղամասերում ներկա գտնվող այլ անձանց կբաժանվեն անհատական բժշկական պաշտպանիչ միջոցներ:

Արզումանյանի խոսքով, կորոնավիրուսով պայմանավորված՝ առաջին անգամ է, որ Արցախում ընտրություններին ներկա չեն լինի օտարերկրյա դիտորդներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հրավեր էին ստացել 38 երկրներից 140 դիտորդներ և 40 լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Սակայն դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է տեղի և հայաստանյան 963 դիտորդ, լրատվամիջոցների 231 ներկայացուցիչ:

Ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում 7 հաղորդում է ստացվել, որոնցից 2-ով հանցակազմի բացակայության կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժվել է, 2-ը ուղարկվել է ըստ ենթակայության, իսկ մնացած 3-ով իրականացվում են համապատասխան ստուգումներ:

Երեկվա դրությամբ, Արցախում կորոնավիրուսի վարակի դեպք չկա գրանցված՝ ավելի վաղ մեկուսացված 3 անձանց մոտ վիրուսը չի հաստատվել: Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ մտավախություն կա կորոնավիրուսի հետ կապված:

Նշենք նաև, որ Եվրամիությունը հայտարարություն է տարածել Արցախում անցկացվող ընտրությունների կապակցությամբ` վերահաստատելով նախորդ տարիներին հնչեցրած դիրքորոշումը:

«Եվրամիությունը չի ճանաչում այդ ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակը», - հայտարարել է կառույցի խոսնակը՝ հավելելով. - «Այս քվեարկությունը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի արդյունքների վրա»:

Ղարաբաղը անջատվել է Ադրբեջանից 1991 թվականին, բայց մինչ օրս չի ճանաչվել որևէ պետության կողմից։ Պաշտոնական Բաքուն էլ միշտ դատապարտել է ղարաբաղյան ընտրությունները՝ դրանք որակելով ապօրինի։ Հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդներ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան ևս քննադատել են ընտրությունները։

XS
SM
MD
LG