Մատչելիության հղումներ

Ժամանակավորապես արգելվելու է  բոլոր անձանց մուտքն Արցախ. Ոստիկանություն


Ժամանակավորապես արգելվելու է բոլոր անձանց մուտքն Արցախ: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության և տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ և Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախ», - նշել է նա:

Ահարոնյանը տեղեկացնում է, որ բացառություն կարվի Արցախում հաշվառում ունեցող անձանց, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում, Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց և լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։

Հիշեցնենք, որ խստացվել է մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը երկրում. սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառություն են կազմելու պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերը, օրինակ` այցելություններ մթերային խանութներ, դեղատներ, խնամքի կարիք ունեցող անձանց, հոգեհանգստի արարողություններ:

Դուրս կարելի է գալ նաև օրական մեկ անգամ միայնակ` սպորտով զբաղվելու համար: Անձնական մեքենաներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի, ներառյալ վարորդի տեղափոխումը: Ցանկացած անձ յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալուց առաջ պարտավոր է լրացնել արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժի թերթիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG