Մատչելիության հղումներ

Արցախում 3 քաղաքացի մեկուսացված է, 20-ը՝ ինքնամեկուսացած. ընտրությունները հետաձգելու մտադրություն չունեն


Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին նախատեսված խորհրդարանական և նախագահական ընտրություններն այս պահի դրությամբ հետաձգելու մտադրություն չկա: Չնայած աշխարհում ու նաև Հայաստանում կորոնավիրուսի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակին` Արցախում այս պահին ակտիվ քարոզարշավ է ընթանում։ Տեղի իշխանությունները պնդում են` կորոնավիրուսի դեպք Ղարաբաղում չկա։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Ղարաբաղում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի համակարգող Տիգրան Աբրահամյանը, Արցախում մեկուսացված է 3 քաղաքացի, մոտ 2 տասնյակն ինքամեկուսացված են։

«Այս պահին պետք է ասեմ, որ որևէ դեպք գրանցված չունենք: Այս պահին Արցախում մեկուսացված է 3 քաղաքացի Շուշիի բուժհաստատությունում` դրա համար կահավորված հաստատությունում: Ինքնամեկուսացվածների հետ կապված թվերը փոփոխական են, երեկվա ուշ գիշերվա դրությամբ եղել են մոտ 2 տասնյակ: Այդ ինքնամեկուսացումներն ավելի շատ պայմանավորված են եղել նրանով, որ Արցախի գրանցում ունեցող մեր ուսանողներն օրինակ` արտերկրից վերադարձել են Արցախ և ինքնամեկուսացել են` զուտ ապահովության տեսակետից ելնելով, այսինքն` որևէ ախտանիշ չի եղել, բայց ապահովության համար ինքնամեկուսացել են»:

«Ազատության» հարցին` այս պահին ընտրությունները հետաձգելու որոշում Լեռնային Ղարաբաղը չունի՞, նա պատասխանեց. - «Եթե նման որոշում լիներ, ապա դրա վերաբերյալ նաև համապատասխան հայտարարություն կլիներ»:

Տիգրան Աբրահամյանն ասում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոցառումների 2 ցանկ է հրապարակել, թե ընտրություների օրը Առողջապահության նախարարության հետ համատեղ ինչ միջոցառումներ են իրականացվելու՝ վարակի տարածման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Մասնավորապես, ընտրությունների օրը ընտրողները, հանձնաժողովի անդամները անհատական ձեռնոցներ և դիմակներ են ունենալու, յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ` քվեարկելուց հետո այն չօգտագործելու պահանջով։

Մինչդեռ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը կարծում է, որ Արցախում պետք է արտակարգ դրություն հայտարարվի։ Իհարկե, կուսակցությունը պաշտոնական որոշում դեռևս չունի, սակայն ըստ Խանումյանի` ընտրությունների հետաձգումը տրամաբանական է։

Չնայած Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումներին` ընտրությունների օրը Հայաստանից պետք է դիտորդներ ժամանեն, ինչը մեծացնելու է վարակի հնարավոր տարածման վտանգը։ Ի դեպ, «Ազատության» հետ զրույցի պահին Հայկ Խանումյանը քարոզարշավ էր իրականացնում Մարտակերտի Հովտաշեն գյուղում և հանդիպում էր տեղի բնակիչներին։

«Կարծես թե, աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկել ընտրությունների ժամանակ` թե՛ դիմակներ բաժանել, թե՛ առանձին գրիչներ, թե՛ ալկոգելով ձեռքերը մաքրել տալ և այլն, բայց այլ էֆեկտներ էլ կան, օրինակ` Հայաստանի դիտորդների ներգրավման հարցը, քանի որ Հայաստանում արդեն արտակարգ իրավիճակ է, այդ մարդկանց դեպի Արցախ տեղաշարժվելը չգիտեմ` ինչպես է կազմակերպվելու, բայց առանց այդ դիտորդների մասնակցության ընտրությունների արդյունքները կարող են կատաստրոֆիկ լինել, որովհետև գործող իշխանությունները հակված են ամեն գնով կեղծել ընտրությունները: Արտակարգ իրավիճակ մտցնելը տրամաբանական կլինի», - նկատեց Խանումյանը:

Ընտրությունների նախօրեին Հայաստանից Արցախ են մեկնելու մի քանի հարյուր դիտորդներ: «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց կազմակերպությունից Արցախ կմեկնի 100 դիտորդ, ևս 100 դիտորդներ, ըստ նրա, ներկա կլինեն «Թրանսփարենսի Ինթերնեյշնլից», ավելի քան 100 դիտորդներ էլ կմասնակցեն Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Իրավական կրթություն» հասարակական կազմակերպությունից։ Հարցին, թե արդյո՞ք Հայաստանից մի քանի հարյուր դիտորդների ժամանումը Արցախ չի մեծացնի վարակի տարածման վտանգը, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ գրեթե ամեն օր Հայաստանից Ղարաբաղ է ժամանում 800-1000 մարդ, և մի քանի հարյուր դիտորդների առակայությունը վարակի տարածման ռիսկը շատ չի մեծացնում:

«Մենք բոլոր դիտորդների ջերմաչափում անելու ենք դեռևս Երևանում, բնականաբար նաև անելու ենք տեղամաս ուղարկելուց առաջ, բոլոր դիտորդների շփումը Ղարաբաղում նվազագույնի ենք հասցնելու, բոլոր դիտորդների համար արդեն ունենք բավարար քանակի դիմակներ, ալկոգել», - նկատեց նա:

Ղարաբաղում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբն այսօր հորդորել է Արցախի քաղաքացիներին առաջիկա օրերին` նվազագույնը 7 օր, զերծ մնալ Հայաստան մեկնելուց:

Իսկ թե ի՞նչ են մտածում Հայաստանի իշխանությունները Ղարաբաղում մի քանի օրից կայանալիք համապետական ընտրությունների վերաբերյալ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ընտրությունները հետաձգելու հարցն Արցախի իշխանությունների որոշելիք խնդիրն է։

Ղարաբաղը անջատվել է Ադրբեջանից 1991 թվականին, բայց մինչ օրս չի ճանաչվել որևէ պետության կողմից։ Պաշտոնական Բաքուն էլ միշտ դատապարտել է ղարաբաղյան ընտրությունները՝ դրանք որակելով ապօրինի։ Հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդներ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան ևս քննադատել են ընտրությունները։

XS
SM
MD
LG