Մատչելիության հղումներ

Ոստիկանները սգո սրահներ են այցելում, հետևում, որ կուտակումներ չլինեն


Սուսաննա Թադևոսյանն իր հացատուն-պանդոկում վերանորոգում է սկսել պարապությունից, արտակարգ դրության օրերին հաճախորդներ չունեն. «Պահը ճիշտ պահ է, սկսեցինք մաքրել, ներկել»:

Ծնունդ, կնունք, հարսանիք, նաև` սգո միջոցառումներ, տիկին Սուսաննայի պնդմամբ՝ հիմա չկա և ոչ մեկը: «Ոնց որ մեռյալ վիճակ լինի, ինձ թվում է՝ մեր ազգաբնակչությունը, մեր ժողովուրդը էնքան գիտակից է, որ կարողանում է ճիշտ պահել», - ասաց նա:

Երկու-երեք հոգով գալիս են աշխատանքի՝ մտածելով՝ գուցե գործ՝ հոգեհացի արարողություն լինի:

«Մի 20 հոգով էլ գան, էլի բան ա, լույս ենք վառել 4-5 հարյուր հազարի, գազ ենք վառել 4-5 հարյուր հազարի, պետք է վճարենք, երեկ գազը ասաց՝ եթե վաղը չմուծեք, պետք ա կտրենք, չգիտենք՝ ինչ անենք», - նշեց Թադևոսյանը:

Տիկին Սուսաննան զրույցի ընթացքում հիշեց՝ այս օրերին հաճախորդ ունեցել են. «Մի անգամ եկել են մի քանի հոգի, սկի կես ժամ չնստեցին, ափալ-թափալ հելան փախան»:

Պարապուրդի օրերին իր աշխատողներին վճարում է. «Ինչքան կարողանում ենք»:

Ոստիկանները պարբերաբար այցելում են տիկին Սուսաննայի պանդոկ՝ համոզվելու, որ ամեն բան կարգին է, այստեղից ոչ հեռու գտնվող սգո սրահներից մեկում էլ մի տղամարդ ախտահանում էր իրականացնում:

Այս գործողությունն իրականացնում են յուրաքանչյուր հանգուցյալից առաջ և հետո, վստահեցնում է սրահի բուժաշխատողը:

«Հիգիենայի բոլոր կանոնները պահպանենք, որպեսզի կարողանանք էս իրավիճակից էն, որ ասում է՝ պատվով դուրս գանք, էլի», - ասաց աշխատակիցը:

Արտակարգ դրությունն արգելում է 20-ից ավելի մասնակիցներով հանրային միջոցառումները, երեկվանից էլ չեն գործում նաև բարերը, գիշերային ակումբները, պարասրահները:

Սգո սրահներից մեկում անգամ ցուցանակ կա՝ 20 հոգուց ավելի կուտակում չի կարելի:

Ոստիկանները նաև սգո սրահներ են այցելում, հետևում, որ կուտակումներ չլինեն: Փոխոստիկանապետ Հայկ Մհերյանի խոսքով՝ պարետից ցուցում են ստացել հսկողություն իրականացնել հուղարկավորություն և այլ միջոցառումներ կազմակերպողների նկատմամբ:

«Պահպանեցինք և պահպանում ենք 20 հոգուց ոչ ավելի հավաքվելու պահանջը, որպեսզի կարողանանք բացառել վարակների փոխանցումը: Ոստիկանությունը այդ ընթացքում ցուցումը ստանալուց հետո 1351 իրազեկում է ուղարկել նմանատիպ օբյեկտներին, տնտեսվարող սուբյեկտներին, որոնցից 1333-ը զվարճանքի և ժամանցի վայրեր էին, իսկ 126-ը՝ հոգեհանգստի սրահներ», - ասաց Մհերյանը:

«Ազատություն»-ը շրջեց նաև մայրաքաղաքի ռեստորաններով։ Ամենահայտնի ցանցերից մեկի PR բաժնի ղեկավարն ասաց՝ չեն աշխատելու, քանի դեռ մարդկային կուտակումները վտանգավոր են համարվում վարակի տարածման առումով. «Չենք աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ կպահանջվի պահպանել անվտանգությունը»:

Չնայած պետությունն այս պահին չի պահանջում փակել ռեստորանները, այդուհանդերձ, դրանցից շատերն այսօր փակ էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG