Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը՝ կորոնավիրուսով վարակվածների թվով երրորդ երկիրը


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրափը ազգային գվարդիա է ուղարկում երեք նահանգներ, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի համաճարակից ՝ Կալիֆորնիա, Նյու Յորք և Վաշինգտոն:

Մասնավորապես՝ Նյու Յորքը դարձել է համաճարակի էպիկենտրոն, Ամերիկայում հաստատված հիվանդացության թվի կեսը հենց այստեղ է, աշխարհում վարակվածների ընդհանուր թվի շուրջ հինգ տոկոսը բաժին է հասնում այս նահանգին:

Կիրակի օրվա դրությամբ Միացյալ Նահանգներում գրանցվել է ավելի քան 33 հազար 500 վարակի դեպք: Շուրջ 400 հոգի մահացել է: ԱՄՆ-ն այսպիսով դարձել է վարակվածների թվով երրորդ երկիրը Չինաստանից և Իտալիայից հետո:

Նախագահ Դոնալդ Թրափի հանձնարարականով ազգային գվարդիան նահանգային կառավարություններին օգնելու է դաշնային բժշկական կետերի տեղակայման և հարյուրավոր տոննա դիմակներ, բժշկական համազգեստ, արհեստական շնչառության և այլ սարքավորումներ բաժանելու հարցում:

Մի խումբ նահանգապետեր, այդ թվում՝ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն, անցած օրերին Սպիտակ տանը կոչ էին արել երկիրը բժշկական սարքավորումներով ապահովելու հարցին համազգային բնույթ տալ: Նրանց խոսքերով՝ նահանգների առաջնորդները ստիպված են շուկայում իրար հետ մրցել՝ անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար:

«Դաշնային կառավարությունները պետք է հրամայեն գործարաններին՝ դիմակներ, բժշկական նշանակության հագուստ, արհեստական շնչառության և այլ անհրաժեշտ սարքավորումներ արտադրեն, որոնցից կախված կլինի մարդկանց կյանքը կամ մահը», - կիրակի օրը հայտարարել է Կուոմոն՝ հավելելով, որ այդ ամենը դժվար չէ, սակայն պետք են ընկերություններ, որոնք կզբաղվեն այդ հարցով:

Նյու Յորքում մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի համաճարակը շատ ավելի մեծ թափով կարող է տարածվել, քանի որ առկա անհրաժեշտ բուժսարքավորումները սպառվում են:

«Այդ պակասը կզգացվի արդեն տասը օրից, եթե մենք չկարողանանք լրացուցիչ արհեստական շնչառության սարքավորումներ ձեռք բերել, ապա մարդիկ կսկսեն մահանալ», - ասել է Նյու Յորքի քաղաքապետ Դե Բլազիոն:

Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար, փոխնախագահ Մայք Փենսը կիրակի օրը, իր հերթին, հայտարարել է, որ ամերիկյան կոմերցիոն լաբորատորիաները պետք է առաջնահերթությունը տան ստացիոնար պայմաններում մարդկանց թեստավորելուն: Փենսի խոսքով՝ երկրում այս պահի դրությամբ թեստավորվել է 254 հազար մարդ:

Նոր թեստավորման համակարգը, որը թույլ կտա պատասխանը ստանալ 45 րոպեում, պատրաստ կլինի առաջիկա շաբաթավերջին: Հարցին, թե արդյո՞ք ապօրինի միգրանտները ևս կարող են թեստ հանձնել հիվանդանոցներում կամ կլինիկաներում՝ չվախենալով ձերբակալությունից, ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել:

«Եթե չկա նման քաղաքականություն, ապա ես կսահմանեմ», - հավաստիացրել է Սպիտակ տան ղեկավարը:

Ի դեպ, երեկվա ասուլիսի ընթացքում Թրամփն ի վերջո օգտագործել է կորոնավիրուս տերմինը, որը նախկինում համառորեն անվանում էր «չինական վարակ», ինչը, ընդդիմախոսների կարծիքով, ռասիստական ձևակերպում է: Սպիտակ տան ղեկավարը հերքում է նման մեղադրանքները, երեկ էլ դժգոհել է, որ Պեկինը անցած ամիսներին՝ համաճարակի բնռկման ժամանակ մերժել էր Վաշինգտոնի օգնության առաջարկը:

XS
SM
MD
LG