Մատչելիության հղումներ

Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի առաջարկած մարդասիրական օգնությունից


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, Թեհրան, 20-ը մարտի, 2020թ․
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, Թեհրան, 20-ը մարտի, 2020թ․

Անգամ կորոնավիրուսի համաճարակը, հազարավոր վարակակիրների և հարյուրավորի զոհերի առկայությունն ի վիճակի չեղան ստիպել Իրանի և Միացյալ Նահանգների իշխանություններին հաղթահարել քաղաքական տարաձայնությունները: Վաշինգտոնը և Թեհրանը շարունակում են կոշտ հայտարարություններ ու դիվանագիտական հարվածներ փոխանակել:

Նախորդ շաբաթ Միացյալ Նահանգները հայտարարեց Իրանի դեմ պատժամիջոցների նոր չափաբաժնի կիրառման մասին` պահանջելով ազատ արձակել իրանական բանտերում պահվող ամերիկացիներին: Դրան զուգահեռ, սակայն, պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, թե պատրաստ է առժամանակ վեր կանգնել քաղաքական հակասություններից և Իրանին մարդասիրական օգնություն ցուցաբերել:

Այն, որ ծանրագույն համաճարակաբանական իրավիճակում գտնվող Իրանի իշխանությունները խիստ անհրաժեշտ ամերիկյան դեղորայքից ու սարքավորումներից հրաժարվելու են, պարզ դարձավ երեկ, երբ երկրի պետական հեռուստատեսության եթերում համաքաղաքացիներին ուղերձով դիմեց երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին:

«Ամերիկացիները մի քանի անգամ ասել են, թե պատրաստ են մեզ դեղորայք տրամադրել: Նրանք դա կրկնել են մի քանի անգամ` պնդելով, որ մեզ մնում է միայն խնդրել, և նրանք դեղորայք ու սարքավորումներ կառաքեն: Դա բավական տարօրինակ առաջարկ է, քանի որ Վաշինգտոնն ինքը բախվել է այն դեղամիջոցների պակասին, որոնք թույլ կտային դիմակայել կորոնավիրուսի համաճարակին: Դա են խոստովանում մի շարք ամերիկյան քաղաքների ղեկավարները, ինչպես նաև առողջապահության ոլորտի պաշտոնյաները` ասելով, որ այս հարցում բազմաթիվ խնդիրներ են առկա: Եթե դուք բավարար քանակությամբ սարքավորումներ ունեք, դրանք ձեզ պահեք», - դիմելով ԱՄՆ իշխանություններին` հայտարարում էր Խամենեին:

Վերջինիս այս քայլը, սակայն, բացարձակ համահունչ չէ երկրում ստեղծված իրավիճակին: Կիրակի օրը հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն` կորոնավիրուսի զոհերի թիվը Իրանում մոտենում է 1700-ի, վարակակիրներինը` 21 հազարի:

Ստեղծված իրավիճակում, սակայն, Իրանի իշխանությունները արևմտյան մյուս պետություններից եկող օգնությունից չեն հրաժարվում: Պաշտոնական Թեհրանն, օրինակ, ընդունել է Ֆրանսիայում գործող ամենաազդեցիկ միջազգային մարդասիրական կառույցներից մեկի` «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության օգնությունը:

«Իրանը կորոնավիրուսի համաճարակից առավել տուժած պետությունների եռյակում է: Առողջապահության նախարարությունն ու հիվանդանոցները վարակակիրների մեծ թվի պատճառով պարզապես չեն կարողանում վերահսկել այդ հոսքը: Բնական է, որ մենք պետք է մեր աջակցությունը առաջարկեինք նրանց: Մենք առաջարկել ենք Իրանի իշխանություններին այդ երկիր վերատեղակայել այն դաշտային հոսպիտալը, որ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության տրամադրության տակ է գտնվում վերջին 15 տարիներին: Դա շարժական հիվանդանոց է, և այնտեղ հնարավոր է թե՛ պլանային բուժում իրականացնել և թե՛ վիրահատություններ», - նշում էր կազմակերպության ներկայացուցիչ Միշել-Օլիվյե Լաշարիտեն:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության շարժական հիվանդանոցը Փարիզից Իրան տեղափոխվեց մարտի 22-ին: Երեկ` օրվա երկրորդ կեսին, այն արդեն տեղակայվում էր երկրի խոշորագույն քաղաքներից մեկի` Սպահանի հարևանությամբ գտնվող «Ամին» բժշկական կենտրոնի տարածքում: Դաշտային այս հոսպիտալում միաժամանակ 50 հիվանդ կարող է բուժվել:

XS
SM
MD
LG