Մատչելիության հղումներ

Եվրոպան՝ կորոնավիրուսի նոր էպիկենտրոն


Իտալիա - Ախտահանման աշխատանքներ Միլանում, մարտ, 2020թ.
Իտալիա - Ախտահանման աշխատանքներ Միլանում, մարտ, 2020թ.

Անցած կիրակին ամենամահաբերն էր Եվրոպայում` նոր կորոնավիրուսի բռնկումից ի վեր. 24 ժամում Իտալիայում 368 մահ է գրանցվել, Իսպանիայում` 97, Ֆրանսիայում` 29:

Առայժմ չեն նվազում նաև հիվանդացության նոր դեպքերը` Իտալիայում, որը հիմա կարծես դարձել է վիրուսի էպիկենտրոնը, անցած մեկ օրում հայտնաբերվել է հիվանդացության ավելի քան 3500 նոր դեպք, Իսպանիայում` ավելի քան երկու հազար, Ֆրանսիայում` հազար:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր` անցած տարեվերջին Չինաստանում սկիզբ առած վարակը այժմ տեղափոխվել է Եվրոպա, վերջին շաբաթներին այստեղ ավելի շատ մահվան դեպքեր են գրանցվել, քան ողջ աշխարհում` Չինաստանը չհաշված:

Արձագանքելով աննախադեպ զարգացումներին` եվրոպական կառավարություններն է՛լ ավելի են խստացնում սահմանափակումները: Հետևելով Իտալիայի օրինակին` այսօրվանից համազգային կարանտին են հայտարարել նաև Իսպանիան և Չեխիան. այդ երկրի բնակիչները կարող են տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում` աշխատանքի, մթերային խանութ գնալու, կամ` կարիքի մեջ գտնվող հարազատին տեսակցելու:

Ֆրանսիայի նախագահն այս րոպեներին Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում Ելիսեյան պալատում, և ակնկալվում է, որ Էմանյուել Մակրոնն այսօր երեկոյան հատուկ ուղերձով կդիմի ֆրանսիացիներին:

Մինչ այդ առողջապահության նախարարն արդեն զգուշացրել է` իրավիճակը խիստ մտահոգիչ է:

«Վիրուսն անտեսանելի է, և տարածվում է արագ` վտանգելով մարդկանց կյանքը: Ես աղաչում եմ ֆրանսիացիներին հարգել մեր հորդորները, և հնարավորինս կրճատել շփումները այլոց հետ», - հայտարարել էր Օլիվիեր Վերանը:

Մեծ Բրիտանիան, ըստ BBC-ի, պատրաստվում է հատուկ որոշում ընդունել, որը կարգելի 70-ն անց քաղաքացիներին տնից դուրս գալ առանց խիստ անհրաժեշտության: Ըստ նախագծի, կառավարությունը ամեն օր մինչև նրանց դուռը կհասցնի սննդով և անհրաժեշտ դեղերով լի փաթեթներ:

«Որոշման մանրամասները կհրապարակենք առաջիկա շաբաթներին, երբ կզգանք, որ եկել է դրա ժամանակը», - ասել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը՝ հավելելով. «Մենք պատերազմական ժամանակներին բնորոշ քայլեր ենք ձեռնարկում և ակնկալում ենք, որ քաղաքացիներից յուրաքանչյուրը զգոնություն կցուցաբերի` պահի լրջությունը հասկանալու համար»:

Բեռլինն այսօրվանից հսկողություն է մտցրել սահմանակետերում: Նրանք, որ փորձում են Գերմանիա մտնել առանց հիմնավոր պատճառի, ետ են ուղարկվում, հայտարարել է ոստիկանության խոսնակ Ռեյներ Սխարֆը:

«Ստուգումները սկսել ենք այսօր առավոտյան 8-ից, որպեսզի հնարավորինս նվազեցնենք վիրուսի տարածումը: Ոստիկանները նաև փորձում են վարորդների ու ուղևորների առողջական վիճակը գնահատել, եթե մտահոգիչ նշաններ են տեսնում, տեղյակ են պահում այն երկրի իշխանություններին, որտեղից նրանք եկել են», - նշել է նա:

Աննախադեպ այս սահմանափակումներին նաև Վատիկանն է միացել, Հռոմի պապը, որ մինչ այս արդեն հորդորել էր հավատացյալներին պատարագներին հետևել օնլայն հեռարձակմամբ, չեղարկել է Զատիկի բոլոր տոնակատարությունները, որ պետք է սկսվեին ապրիլի 5-ից:

Աշխարհի առաջատար յոթ երկրներն այսօր երեկոյան հեռակա տեսակապ կանցկացնեն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդները քննարկելու, և այս նպատակով հավելյալ ֆինանսական ու տեխնիկական միջոցներ հատկացնելու համար:

XS
SM
MD
LG