Մատչելիության հղումներ

Իտալիան՝ կորոնավիրուսից առավել տուժած ԵՄ երկիր


Սուրբ Մարկոսի դատարկ հրապարակը, Վենետիկ, Իտալիա, 10-ը մարտի, 2020թ.

Իտալիայում՝ դատարկ փողոցներ, անսովոր լռություն: Ուսումնական հաստատությունները փակ են, բիզնեսների մեծ մասը փակ է, փողոցներում քիչ թվով մեքենաներ են:

Խանութների մի մասը դատարկ է, մարդիկ մռայլ ու մտահոգված են, խաչմերուկներում՝ ոստիկաններ, միջքաղաքային և միջշրջանային ճանապարհներին՝ զինվորներ:

Կատակասեր, կենսաուրախ, ջերմ, շփվող ժողովրդին կարծես փոխել են: Նոր կորոնավիրուսի դեմ համազգային պայքար է:

Վարչապետ Ջուզեպե Կոնտեի կառավարությունը կարգադրել է բոլորին մնալ տներում: Արգելվում են հանրային բոլոր միջոցառումները:

Տեղաշարժի իրավունք ունեն միայն կենսական նշանակության ծառայություններ մատուցողները՝ ոստիկաններ, բժիշկներ, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարման, աղբահանության աշխատակիցներ, պարեն արտադրող և առաքողներ:

Վարչապետ Կոնտեն քաղաքացիներին հավաստիացնում է, որ այս աննախադեպ խիստ սահմանափակումները պետք է զսպեն վարակի տարածումը:

Դեռ օրեր առաջ Հռոմը որոշել էր, որ երկիրը բաժանվում է մի քանի գոտիների ըստ վտանգավորության՝ կարմիր, դեղին, կանաչ, սպիտակ: Այլևս ոչ մի գոտի:

«Իտալիայում էլ չի լինի այս կամ այն գոտին, հիմա արդեն կա մեկ գոտի՝ Իտալիա, Իտալիան դառնում է պաշտպանվող գոտի»,- ասել է վարչապետը:

Հյուսիսից դեպի երկրի մնացած հատվածներ երթևեկությունն արգելված է, բացառությունը բանակն է, որը սահմաններին և տրանսպորտային խոշոր հանգույցներում պարեկություն է իրականացնում:

Ի դեպ, Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Սալվատորե Ֆարինան վարակվածների թվում է: Նա, ըստ բժիշկների, բարվոք առողջական վիճակում է:

Իտալիան COVID-19 տեսակի կորոնավիրուսից Եվրոպայում առավել տուժած պետությունն է, մարտի 9-ի ժամը 24:00-ի դրությամբ երկրում գրանցվել է հիվանդության 9172 դեպք, մահացել է 463 մարդ:

Եվրամիության առողջապահության հարցերով հանձնակատար Ստելա Կիրիակիդեսն ասել է, որ այս վտանգավոր նոր իրավիճակը պահանջում է համակարգված որոշումներ:

«Մեզ անհրաժեշտ է գործողությունների համերաշխություն, մենք պետք է տեղեկատվություն փոխանակենք, փորձ, սարքավորումներ, եկեք միանշանակ փաստենք՝ սովորականի պես աշխատել այլևս չենք կարող, մենք հայտնվել ենք արտակարգ իրավիճակում, այս պայմաններում բոլորը պետք է կատարեն իրենց պարտավորությունները», - ասել է Կիրիակիդեսը:

Ամբողջ աշխարհում վարակված է մոտ 116657 մարդ, մահացել է առնվազն 4091 մարդ: Բայց կա նաև վիճակագրություն, որը խոսում է խուճապի չմատնվելու օգտին՝ վարակից բուժվել է մոտ 65 հազար մարդ:

Չինաստանում, որտեղ, ըստ վարակաբանների, ծագել է COVID-19-ը, վարակվածության նոր դեպքերի դինամիկան խիստ նվազել է, ժամանակավոր հոսպիտալներից մի քանիսն արդեն նույնիսկ փակվել են:

Նոր կորոնավիրուսը համեմատաբար դյուրին, որոշ դեպքերում նույնիսկ աննկատ են տանում առավել երիտասարդ և առողջ մարդիկ:

Ավաղ, խոցելի են տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները, բայց երեխաները, բարեբախտաբար, գրեթե չեն հիվանդանում կամ հիվանդանալիս՝ շատ արագ են կազդուրվում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերստին պնդում է, որ անձնական և հանրային հիգիենայի տարրական կանոնների պահպանումը, ողջամտությունը և ասեկոսեների ու խուճապի մերժումը հզոր զենք են այդ վարակի դեմ պայքարում:

XS
SM
MD
LG