Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կառավարությունը քննարկում է իրավիճակը նավթի շուկայում


Ադրբեջան - Նավթահորեր Բաքվում, արխիվ

Ադրբեջանի կառավարությունում երեկ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել է նավթի շուկայում իրավիճակը, դրա հնարավոր ազդեցությունը երկրի տնտեսության վրա և կանխարգելիչ քայլերը։

Վարչապետ Ալի Ասադովի նախագահությամբ անցկացված խորհրդակցությունում կառավարությունը խոստացել է թույլ չտալ գների արհեստական բարձրացում և խիստ միջոցներ կիրառել անհիմն դեֆիցիտի դեմ։

Չնայած նավթի գնի կտրուկ անկմանը՝ իշխանությունները խոստանում են չկրճատել սոցիալական ծրագրերը։ Կառավարությունը նշել է, որ արժույթի շուկայում կայունության պահպանելու և սղաճը զսպելու համար Կենտրոնական բանկը բավարար ռեզերվներ ունի։

Սակայն Eurasianet-ի տնտեսական մեկնաբանի կարծիքով՝ նավթի գների անկումը եվրասիական ամբողջ տարածքում կփոխի տնտեսական կանխատեսումները։ Նավթ արդյունահանող Ադրբեջանը, Ղազախստանը և Ռուսաստանը պատրաստվում են բյուջետային կրճատումների, ազգային արժույթի անկման և հնարավոր ռեցեսիայի։

Անորոշությունն ավելանում է նաև արագ տարածվող կորոնավիրուսի պատճառով, որի հետևանքով ընկել է պահանջարկի շուկան։

Ադրբեջանն անցյալ տարի էր բարձրացրել թոշակները և այլ սոցիալական ծախսերը՝ նպատակ հետապնդելով նվազեցնել սղաճի հետևանքները և աճող դժգոհությունները։

Նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, թե ծախսերը կփակվեն հարկային բարեփոխումներով, միջոցների մի մասը կստացվի ավելի բարձր մաքսավճարներից, ավելացված արժեքի հարկերով, նաև ակնկալելով զբոսաշրջության աճ։

Ռուտերգերսի համալսարանի տնտեսագիտության դոցենտ և Բաքվի տնտեսական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գուբադ Իբադօղլուի կարծիքով, սակայն, այս բոլոր եկամուտներն ակնկալվում է, որ չեն լինի կորոնավիրուսի պատճառով։

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Ադրբեջանի բյուջեի հավասարակշռությունը պահպանելու համար անհրաժեշտ է, որ նավթի մեկ բարելի գինը կազմի 53 դոլար։ Սակայն մեկ բարելը նախկին Միության տարածքում մարտի 9-ին վաճառվել է 36 դոլարով։ Իբադօղլուի կարծիքով՝ քանի որ կառավարությունը վախենում է անկարգություններից, հնարավոր չէ կրճատել սոցիալական ծախսերը, որոնց ուղղվում է բյուջեի մոտ 65 տոկոսը, խնայողությունների միակ ճանապարհը մնում են ներդրումային միջոցները և ռազմական ծախսերը։ Ռազմական ծախսերը կրճատելը հեշտ չէ, իսկ ներդրումային միջոցներն այս տարի ավելի քիչ են, քան նախորդ տարի։

Իբադօղլուն ասել է, որ մանաթի փոխարժեքը պահելու համար Կենտրոնական բանկն ընդամենը մի քանի ամսվա ռեզերվներ ունի։

Ղազախստանի բյուջեն կառուցված է մեկ բարել նավթը ավելի քան 57 դոլար կանխատեսման վրա։ Երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը մարտի 9-ին խոստացել է ամբողջությամբ կատարեել կառավարության սոցիալական պարտավորությունները՝ միաժամանակ նշելով, որ ինչ-որ տեղ հարկ կլինի կրճատումներ կատարել։

Տնտեսական մեկնաբանի կարծիքով՝ 2014 թվականի նավթի գնի անկումից հետո Ռուսաստանը հիմա ավելի լավ է պատրաստված, բյուջեն հաշվարկված է մեկ բարելը 42 դոլար 60 սենթ գնի հիման վրա։ Երբ նավթի գինը դրանից բարձր էր, ավելացված գումարը կուտակվել է հատուկ հիմնադրամում։ Ըստ Ռուսաստանի ֆինանսների նախարարության՝ կուտակված ավելի քան 10 տրիլիոն ռուբլին երկրին 6-10 բավարար է, եթե նավթի գինն իջնի անգամ 25-30 դոլարի։

Իբադօղլուն ասել է, թո Բաքուն անցյալից դասեր չի քաղել և շատ քիչ բան է արել նավթային եկամուտներից բացի եկամտի այլ աղբյուրներ ստեղծելու համար, և ինչպես նախկինում՝ բյուջեն գրեթե նույնությամբ կախված է նավթից։

XS
SM
MD
LG