Մատչելիության հղումներ

ՊՆ. Կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ, հակառակորդը կորուստներ ունի


Ինչպես է հաղորդել է Պաշտպանության նախարարություն լրատվական ծառայությունը, այսօր վաղ առավոտյան՝ 5.30-ի սահմաններում Հայաստանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն հայկական դիրքապահ ուժերի գրագետ գործողությունների շնորհիվ կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք՝ թողնելով զինամթերք և ականորսիչ սարք։

Ըստ հաղորդագրության, հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են:

«Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է ոչ ադրբեջանական ականորսիչ», - կարդում ենք հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, հայկական կողմը հակառակորդի գործողություններն անպատասխան չի թողնելու. - «Ադրբեջանական սադրանքները շարունակվում են։ Հաճախ նրանց անկանոն կրակահերթերը մեծ տրամաչափի գնդացիրներից որ շարունակվում են, նրանք, պարզ է, դա չեն նշում, բայց երբ որ հայկական կողմը մեկ-երկու դիպուկ կրակոցով պատասխանում է իրենց՝ համապատասխան հետևանքներով, այդ մասին միանգամից ահազանգում են ու բարձրաձայնում են»։

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, հղում տալով Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը, երեկ հաղորդեց, որ հայկական կողմի դիպակահար կրակոցից սպանվել է սահմանապահ Օրխան Փաշազադեն։ Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի սահմանամերձ Ղազախի շրջանի Գուշչու Այրիմ գյուղի մոտակայքում։

Նշենք, որ ադրբեջանական այդ գյուղը երեք կողմից շրջապատված է հայկական գյուղերով։ Հյուսիսում ու հյուսիս-արևմուտքում հարակից են Կոթի, Ոսկեվան, Բաղանիս գյուղերը, արևմուտքում ու հարավում՝ Ոսկեպարը, Կիրանցն ու Բերքաբերը։

Էլ ավելի վաղ՝ այս փետրվարի 24-ին ադրբեջանական կողմը հաղորդեց հայկական կողմի դիվերսիոն հարձակման մասին նույն Գուշչու Այրիմ գյուղի ուղղությամբ։ Trend-ը, դարձյալ հղում տալով Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը, հայտնեց, որ այդ հարձակման հետևանքով զոհվել է շարքային Իբրահիմ Վելիևը։

Ընդհանուր առմամբ, ըստ Trend-ի, տարվա սկզբից հայկական զինված ուժերի գործողությունների հետևանքով են զոհվել են առնվազն չորս ադրբեջանցի զինծառայողներ, որոնցից երեքը՝ Գուշչու Այրիմ գյուղի մոտակայքում։

«Ես չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել։ Նույն ժամանակահատվածում մենք էլ հակառակորդի գործողությունների արդյունքում ունեցել ենք վիրավորներ, դժբախտաբար։ Եվ բնականաբար, մեր վիրավորներից հետո մենք տվել ենք արժանի պատասխան, ինչը կարող է ունենալ նաև հետևանքներ։ Որ ասեմ, [Գուշչու Այրիմ գյուղի հատվածում] աննախադեպ լարվածություն է, չէ։ Բայց, այո, այդ ուղղությամբ ընդհանրապես հակառակորդը, այսպես ասեմ՝ հանգիստ չի մնում, պարբերաբար փորձում է իրավիճակը լարել», - նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Ի դեպ, օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ Արծրուն Հովհաննիսյանը այսօրվանից դադարեցրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը:

Տարվա սկզբից հայկական Զինված ուժերը հաղորդել են 13 մահերի մասին, սակայն, ըստ պաշտոնական հաղորդագրության, դրանցից որևէ մեկը հակառակորդի կրակի հետևանք չի եղել։

«Ազատության» հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հայ-ադրբեջանական սահմանաիան առկա լարվածությունը կապեց Սիրիայի շուրջ ռուս-թուրքական սուր հակասություններրի հետ. - «Բացահայտ տեսանք նաև, որ Թուրքիան փորձում էր ադրբեջանական խաղաքարտն օգտագործել՝ Էրդողանի այցը Բաքու, հետո Չավուշօղլուի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ։ Եվ մի հանգամանքի էլ արժի ուշադրություն դարձնել՝ այն, որ դա տեղի է ունենում հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպման ֆոնին, որտեղ մի քիչ աննախադեպ էր այն, որ օրակարգում բավական բաց տեքստով էր խոսվում անվտանգության խնդրի մասին, համատեղ անվտանգության խնդրի մասին»։

XS
SM
MD
LG