Մատչելիության հղումներ

ԱԳՆ խոսնակ. Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ


Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյան
Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյան

Անդրադառնալով նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ Թուրքիան չի կարող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ:

«Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նաղդալյանը:

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումից հետո երեկ Twitter-ի իր էջում կոչ էր արել Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը:

«Լուծումը պետք է ամբողջությամբ համապատասխանի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներին և այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններին», - գրել էր Չավուշօղլուն:

Գրառմանը արձագանքել էր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեջբերում անելով Ավետարանից՝ «Բժիշկ, քո անձը բժշկիր»:

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց՝ ԵԱՀԿ համանախագահների նման ձևաչափով հանդիպումը ո՛չ առաջինն է, ՛չ էլ վերջինը. - «Լուծման գործընթացքում եթե Թուրքիան ուզում է իսկապես ներդրում ունենալ, ապա լավագույն ներդրումը կլինի հնարավորինս հեռու մնալ ղարաբաղյան հարցի կարգավորման և բանակցային գործընթացին ուղղված քայլերից, որովհետև դրանց բացի վնասից այլ ազդեցությունը Թուրքիան ունենալ չի կարող»։

Ընդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ընդգծեց, որ առանց Հայաստանի ցանկության Թուրքիայի ցանկությունը՝ ավելի ակտիվ դերակատարում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում կմնա ամպագոռգոռ հայտարարություն. - «Պետք է նաև ձեռնարկեն և նվազագույնը հաշվարկեն Թուրքիայի հնարավոր գործողությունները, քանզի, հաշվի առնելով տարածաշրջային իրավիճակը, հնարավոր է, որ թուրքերը փորձեն հրահրել ինչ-որ շարժեր արցախյան ուղղությամբ»։

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը խնդիրը դիտարկում է տարածաշրջանի զարգացումների համատեքստում: Մասնավորպես, մարտի 5֊ին Մոսկվայում սպասվում է Պուտին - Էրդողան հանդիպում, որը կարևոր նշանակություն ունի Թուրքիայի համար, և, ըստ քաղաքագետի, Թուրքիան փորձ է անում ղարաբաղյան հարցը որպես խաղաքարտ օգտագործել. - «Այն անհաջողությունները, որոնք նա ունի Սիրիայի տարածքում, կապում է Ռուսաստանի հետ։ Երեկ էլ արդեն Իրանին մեղադրեց։ Եվ փորձեր արվեցին Թուրքիայի կողմից շանտաժի ենթարկել Եվրոպային։ Չկարողացավ ՆԱՏՕ-ից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ստանալ այն աջակցությունը, որը ցանկանում էր։ Եվ, բնական է, նորից շուռ եկավ դեպի Ռուսաստան՝ փորձելով Ռուսաստանի նախագահին համոզել, ոնց որ ինքն էր ասում՝ իրենց ճանապարհին չկանգնել։ Շատ կոշտ հայտարարություններ են արվում հակառուսական, ինչ-որ հիստերիա էլ կա Թուրքիայում։ Եվ այս ֆոնի վրա է դա։ Հենց Ռուսաստանի հետ կապված խնդիր է դա»։

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն չեն տարածել: Փորձագետը դա բացատրում է այսպես. համանախագաների հետ հանդիպմանը բուն խնդրի՝ ԼՂ կարգավորմանը վերաբերող հարցում բովանդակություն չի էլ եղել:

Ըստ Սարգսյանի, համանախագահների համար ևս հասկանալի են Թուրքիայի քայլերը, բայց հանդիպման առաջարկը նրանք մերժել չեն կարող, որովհետև Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր է և նման հանդիպումները տրամաբանական են. - «Թուրքիան ինչ-որ աջակցություն է ուզում տարբեր երկրներից ստանալ և ոչ մեկից չի կարող դա ստանալ։ Անցյալ տարի հոկտեմբերին Բաքվում փորձել է թյուրքալեզու պետությունների ներկայացուցիչների հավաքին նույնպես ինչ-որ աջակցություն ստանալ, էլի ոչ մի բան չստացավ, ոչ մի հայտարարություն չեղավ։ Այս պրոցեսն է գնում։ Ադրբեջանը Թուրքիայի հույսին է, Թուրքիան՝ Ադրբեջանի»։

XS
SM
MD
LG