Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. ՀՀ-ն չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, իսկ վերջինս էլ՝ Հայաստանի


Վրաստանի կառավարությունում այսօր տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչին հաջորդել է երկու երկրների վարչապետերի առանձնազրույցը:

Ինչպես հայտնում են Հայաստանի վարչապետի աշխատակազմից, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հավելել է, որ Հայաստանն ու Վրաստանն ապրում են բարդ տարածաշրջանում, և երկու երկրները հասկանում են, որ տարածաշրջանային կայունությունը պետությունների զարգացման հիմքն է:

«Մենք նախ պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության, ապա քաղաքական, տնտեսական, մշակութային հարցերի մասին»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ժամանակն է մտածել այս տարածաշրջանում եթե ոչ հազարամյակների, ապա հարյուրամյակների համատեղ զարգացման մասին. - «Ասածս ուղղակի գեղեցիկ ձևակերպում չէ, այլ Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացումներն ունեն ռազմավարական բնույթ: Մեր երկրներն ունեն ավելի լայն համագործակցություն և՛ ընդհանուր, և՛ տարբերակվող, բայց տարածաշրջանային մեր հարաբերությունները մենք բոլորովին այլ հարթության վրա ենք դիտարկում: Հայ-վրացական հարաբերություններն ամրացնող ևս մի գործոն նվիրվածությունն է ժողովրդավարական արժեքներին: Այս հանգամանքը ևս մի կարևոր անկյունաքար է»:

Վերջինս ընդգծել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդել և համոզմունք հայտնել, որ այս այցն է՛լ ավելի կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների կառավարություններին հաջողվում է հստակ քայլերով բոլոր պայմանավորվածություններն առաջ մղել:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով: ՀՀ կառավարության ղեկավարի կարծիքով` երկու երկրների գործադիր մարմիններն այստեղ ունեն բազմաթիվ հնարավորություններ` տնտեսական համագործակցությունը դուրս բերելու բոլորովին նոր մակարդակի. - «Այդ առումով նույնպես ժողովրդավարությունն էական նշանակություն ունի, որովհետև իմ պատկերացմամբ, եթե մարդիկ Հայաստանը և Վրաստանն ընկալեն որպես ժողովրդավարական տարածք` մեր երկրների ներդրումային գրավչությունը կմեծանա։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի եվրաատլանտյան տարածքին ինտեգրվելու ձգտումներին: Այնպես է ստացվել, որ մեր երկրներն անվտանգության համակարգերի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն, բայց իմ կարծիքով, մենք մեր անվտանգության մասին ունենք ընդհանուր պատկերացում։ Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, իսկ Վրաստանը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար:

Մենք ողջունում ենք Վրաստանի այն դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Ընդհանրապես հակամարտություններն աշխարհում, նաև մեր տարածաշրջանում բացարձակ տարբեր են իրարից, տարբեր են իրենց բովանդակությամբ, ծագումնաբանությամբ, պատմությամբ և խորությամբ։ Եթե ընդհանուր բանաձևերով հնարավոր լիներ լուծել հակամարտությունները, ապա մինչ այժմ դրանք լուծված կլինեին։ Մենք յուրաքանչյուր հակամարտություն դիտում ենք իր առանձնահատկությունների մեջ։ Ուրախ եմ, որ այս առումով կարող ենք կառուցողական կերպով համագործակցել Վրաստանի հետ։ Այն, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք և այն, որ Վրաստանն ազատ առևտրի համաձայնագրի է ստորագրել ԵՄ-ի հետ, ստեղծում են նոր հնարավորություններ մեր համագործակցության համար, և դրանք քննարկելը կլինի մեր քննարկումների առանցքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-վրացական օրակարգային մի շարք հարցեր. անդրադարձել են տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի իրականացմանը, կարևորել երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացումը` ցամաքային ճանապարհների, էլեկտրաէներգետիկ և հեռահաղորդակցային կապի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG