Մատչելիության հղումներ

«Այո»-ի և «Ոչ»-ի կողմերը տեղամասային հանձնաժողովներում անդամներին նշանակել են


Հանրաքվեին ընդառաջ «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչական կողմերն արդեն կատարել են նշանակումներ տեղամասային ընտրական հանձնաժողովներում: «Այո»-ն 2-ական հանձնաժողովի անդամ ունի բոլոր 2008 տեղամասերում, «Ոչ»-ը՝ 1975-ում, ևս 31 տեղամասում էլ նշանակել է մեկական անդամ՝ չծածկելով ընդամենը 2 տեղամաս՝ Լոռու մարզի Պետրովկա և Նովոսելցովո գյուղերը, «Ազատությանը» հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Տիգրան Մուկուչյանը։

«Ընդհանուր առմամբ 4016 անձ և ի տարբերություն հակառակ կողմի՝ մենք քանի որ չունենք կազմակերպչական ռեսուրսներ, ընդամենը նախաձեռնող խումբ ենք, մեզ համար շատ ավելի բարդ էր, և դա շատ մեծ աշխատանք էր մեզնից պահանջում, բայց այնուհանդերձ մենք հասցրեցինք ժամանակին ներկայացնել անհրաժեշտ ցուցակները», - նշեց «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը:

Նա ասում է՝ հանձնաժողովների այսքան մեծ թվով անդամներ գտնելու համար դիմել էին ՀՅԴ-ին, «Լուսավոր Հայաստանին», «Հանրապետականին» և «Բարգավաճ Հայաստանին»: Եթե ԲՀԿ-ն որևէ կերպ այս գործընթացին խառնվելու ցանկություն չի ունեցել, ապա մյուս կուսակցություններից հայտնել են, որ դեմ չեն վերահսկել հանրաքվեի օրինականությունը և տրամադրել են ընտրական հանձնաժողովների անդամներ նախկինում աշխատած իրենց կուսակիցների ցանկերը։ Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ այդ մարդկանցից բացի, իրենց դիմել էր նաև մոտ 1000 քաղաքացի՝ ցանկություն հայտնելով աջակցել «Ոչ»-ի ճամբարին։

«Մեզ համար անսպասելի շատ մեծ թիվ կազմեց անմիջականորեն քաղաքացիներին մեր դիմումը, որը հրապարակային էր: Հարյուրավոր քաղաքացիներ մեզ դիմեցին, և նրանց որոշակի հատվածը ևս մենք ընդգրկեցինք», - ընդգծեց նա:

«Այո»-ի շտաբը հանձնաժողովներում իրենց տեղերում նշանակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների: Շտաբի երևանյան համակարգող Սիփան Փաշինյանի խոսքով՝ ունեն ընտրական հաձնաժողովին անդամակցելու լիցենզիա ունեցող բազմաթիվ թիմակիցներ։

«Իմ քայլը» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը անցկացրել է Երևանի ընտրություններ և Ազգային ժողովի համապետական ընտրություններ, և բնականաբար այդ ընթացքում կան հանձնաժողովականներ, որոնք լիցենզիա ունեն արդեն իսկ, և մեզ տրամադրված բոլոր տեղերը լրացված են: Եթե չեմ սխալվում, եղել են նաև մարդիկ, որոնք նոր են լիցենզավորում անցել», - հայտնեց Սիփան Փաշինյանը:

«Այո»-ի շտաբը մոտ օրերս կսկսի ակտիվ քարոզարշավը, կգնան և՛ մարզեր, և՛ կշրջեն մայրաքաղաքում, առայժմ պլանավորում են ավանդական քարոզարշավ. - «Մենք միշտ պլանավորում ենք ստանդարտ քայլեր անել և ընթացս ծնվում են մտքեր, և մենք դա իրագործում ենք: Հիմա այն փուլում ենք, որ կլինի ստանդարտ քարոզարշավ, և վստահ եմ, որ որևէ կրեատիվ բան ամեն դեպքում կծնվի ընթացքում»:

Հնարավո՞ր է կորոնավիրուսի տարածումը փոխի «Այո»-ի շտաբի պլանները, Սիփան Փաշինյանն ասում է՝ առայժմ երկրում ընդամենը 1 դեպք կա, և հանրային առողջությանը ոչինչ չի սպառնում, եթե իրավիճակը փոխվի, քայլեր կձեռնարկեն:

«Եթե որևիցե վտանգ կլինի, բնականաբար մենք կհայտարարենք դրա մասին և կքննարկենք, այնպիսի որոշումներ կկայացնենք ավելի կոնկրետ, որպեսզի մեր հասարակության մեկ մարդու անգամ վնաս չտանք», - նկատեց նա:

«Ոչ»-ի ճամբարում էլ պլանները չեն փոխվել, ինչպես նախկինում էին նշել, չեն շրջելու քաղաքից քաղաք, բարձրախոսներով էլ ելույթներ չեն ունենալու, իրենց հիմնական գործառույթը համարում են այս ողջ գործընթացի օրինականությունը վերահսկելը։

Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ «Այո»-ի շտաբն արդեն մեկ խախտում թույլ է տվել, երբ օրեր առաջ դրամահավաքի հրավիրատոմսերում գրել էին. «Հրավիրում ենք մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին», ապա ավելացրել էին, որ «հանգանակված միջոցներն ուղղվելու են քարոզարշավին», այնինչ քարոզաշրավի համար չի կարող հավաքվել 100 միլիոն դրամից ավելի գումար։

«Հայտարարված է որպես քարոզչության համար գումարի հավաքագրում, իսկ վերջին պահին դա փոխարինվեց կուսակցության ընթացիկ ծախսերի համար դրամահավաքի», - ասաց Ռուբեն Մելիքյանը:

Դեռ անցյալ շաբաթ, հակադարձեցին «Այո»-ի շտաբից, դրամահավաքը արել է ոչ թե «Այո»-ն, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընթացիկ ծախսերի համար։

«Օրենքով ֆիքսված է, որ ինչքան կարող են «Այո»-ի քարոզարշավին ծախսել, և դա վերահսկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, և բնականաբար օրենքով նախատեսածից շատ չենք կարող ծախսել, որովհետև ըստ տրամաբանության և կպատժվենք օրենքի ողջ խստությամբ», - շեշտեց Սիփան Փաշինյանը:


XS
SM
MD
LG