Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի կողմի առաջարկը մերժել է միայն ԲՀԿ-ն


Ընտրատեղամաս Հայաստանում, արխիվ
Ընտրատեղամաս Հայաստանում, արխիվ

Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետականը» չի արգելում, որպեսզի իրենց լիցենզավորված անդամները «Ոչ»-ի կողմից ներկայացված լինեն տեղամասային հանձնաժողովներում։ «Հանրապետականը», հիշեցնենք, հայտարարել էր, որ հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չի մասնակցելու՝ ողջ գործընթացը որակելով հակասահմանադրական։

«Ազատության» հետ զրույցում, սակայն, «Հանրապետականի» կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանն ասաց, թե իրենց լիցենզավորված անդամները կարող են ազատորեն դիմել «Ոչ»-ի շտաբին. - «Մենք մեր անդամներին չենք խոչընդոտում, չենք արգելում, որպեսզի եթե ցանկություն ունեն, իրենք՝ որպես քաղաքացիներ ընդգրկվեն»:

Ճշգրտմանը, թե նրանք, ովքեր ցանկություն են հայտնում և կդիմեն, կարող են ընդգրկվել, նա պատասխանեց. - «Այո, ովքեր կդիմեն «Ոչ»-ի շտաբին, ազատ են իրենց գործունեությունն իրականացնելու»: Նա հավելեց, որ ցանկացողներն իրենք պետք է դիմեն «Ոչ»-ի շտաբին, իրենք այդ պրոցեսը չեն կազմակերպելու:

Ավելի վաղ ընտրական գործընթացի վերահսկողության հարցում «Ոչ»-ի կողմին աջակցելու մասին էր հայտարարել հանրաքվեն բոյկոտող Հայ հեղափոխական դաշնակցությունը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, ապա «Լուսավոր Հայաստանը» թեև բոյկոտում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը և կոչ է արել քաղաքական մյուս ուժերին նույնպես չներգրավվել, իրենց իսկ բնորոշմամբ, անօրինական գործընթացում, սակայն որևէ խնդիր չեն տեսնում, որ իրենց լիցենզավորված անդամները «Ոչ»-ի կողմից ներկայացված լինեն տեղամասային հանձնաժողովներում։

Ինչպես պարզաբանեց Գևորգ Գորգիսյանը («Լուսավոր Հայաստան» խմբակցություն), իրենք շահագրռված են, որպեսզի ընտրական գործընթացը ճիշտ կազմակերպվի. - «Կարևորելով ընտրական պրոցեսի և ընտրական ինստիտուտի դերը՝ մենք որևէ կերպ չենք խոչընդոտելու մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք գնան, և այո տվյալ պարագայում «Ոչ»-ին հատկացված տեղերն են, բայց որպես ընտրական պրոցեսի կազմակերպիչներ աշխատանք կատարեն»:

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը» պաշտոնապես իրենց անդամներին հանձնաժողովներում ընդգրկելու գործընթաց չի իրականացնի։ Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, սակայն, չհստակեցրեց, թե արդյոք ոչ պաշտոնապես իրենց ներկայացուցիչները կարող են ընդգրկել տեղամասային հանձնաժողովներում։

Մինչդեռ «Ոչ»-ի կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը «Ազատությանը» տեղեկացրեց՝ ԲՀԿ-ն, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, մերժել է իրենց առաջարկը։

Հիշեցնենք, «Ոչ»-ի կողմնակիցները դիմել էին նախկին իշխանական «Հանրապետականին» ու «Դաշնակցությանը», նաև խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանին» ու «Բարգավաճ Հայաստանին»՝ «Ոչ»-ի քարոզչական կողմից հանձնաժողովներում ընդգրկվելու խնդրանքով։ Տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովում ինչպես «Այո»-ի, այնպես էլ «Ոչ»-ի կողմը 2-ական անդամ նշանակելու իրավունք ունի։ Յուրաքանչյուր կողմից պետք է 4016 անդամ ներկայացված լինի, ցուցակները ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն է։

«Ոչ»-ի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ այս պահին աշխատանքները շարունակվում են, և ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր տեղամասերում ներկայացուցիչներ ունենան։

XS
SM
MD
LG