Մատչելիության հղումներ

«Ականատես» նախաձեռնությանը մտահոգում է «Այո»-ի կողմի ֆինանսավորման թափանցիկության հարցը


«Ականատես» դիտորդական նախաձեռնության անդամ Ալեքսեյ Պետրոսյանը զրուցում է «Ազատության» հետ, 28-ը փետրվարի, 2020թ.

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզչական կողմի ֆինանսավորման թափանցիկության ու հաշվետվողականության հարցը մտահոգում է ընտրությունների ընթացքը դիտարկող «Ականատես» նախաձեռնությանը։

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության դրամահավաք-երեկոյից օրեր անց, 2018-ին ստեղծված դիտորդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, ընդգծելով՝ անհստակություն կա կուսակցության և հիմնադրամի հաշվեհամարներին արված փոխանցումների հարցում։

Դիտորդական նախաձեռնության անդամներից Ալեքսեյ Պետրոսյանն «Ազատության»-ն ասաց՝ հանրաքվեի մասին օրենքով, «Այո»-ի կամ «Ոչ»-ի գրասենյակներ կարող են գրանցել և՛ հասարակական կազմակերպությունները (ՀԿ), և՛ կուսակցությունները՝ հայտարարագրի խնդիր չկա, բայց կա նախընտրական հիմնադրամ ունենալու պահանջը։ Ըստ Պետրոսյանի՝ իրենց մտահոգությունները կապված են հենց նախընտրական հիմնադրամի հաշվին մուտքագրված գումարների օրինականության հետ։

Ընտրությունների ընթացքը դիտարկող «Ականատես» նախաձեռնությունը կարևորում է օրենսդրորեն արգելված աղբյուրներից ֆինանսավորման կանխումը, որ հանկարծ չպարզվի, թե «նախընտրական հիմնադրամներ մուծումներ են իրականացվել օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից, քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձանցից, անանուն նվիրատուներից»։

«Այսինքն՝ մտահոգությունն այն է, որ այս արգելքները հնարավոր է որոշակի ձևով շրջանցվեն հիմնադրամների միջոցով, որպեսզի որևէ միջամտություն ընտրական գործընթացին չլինի, բայց քանի որ նման սահմանափակումներ չկան հիմնադրամների դեպքում, խոսքը գնում է ՔՊ-ի «Վերադարձի հիմնադրամի» մասին: Այստեղ մեր մտահոգությունն այն է, որպեսզի պարզենք ու բացառենք, օրինակ, տեսականորեն, երբ անանուն նվիրատվություն կատարվի հիմնադրամին, ապա հիմնադրամից տրվի արդեն նախընտրական հիմնադրամին, այսինքն՝ հիմնադրամի մասով էդ ռիսկերը բավականին տեսանելի են», - ասաց Պետրոսյանը։

Ընտրությունները դիտարկող խմբի անդամ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Պետրոսյանն ասում է՝ հաշվի առնելով, որ դրամահավաք-երեկոյի ընթացքում փոխանցումներ են արվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու ՔՊ «Վերադարձի հիմնադրամի» հաշվեհամարներին, ապա պետք է հստակեցվի, թե այս երկու հաշվեհամարներ մուտքագրված գումարները որտեղի՞ց են եղել, որպեսզի բացառվեն անանուն, օտար պետությունների, ՀՀ քաղաքացի չհանդիսացողների նվիրատվությունները նախընտրական հիմնադրամին։

«Մենք նայեցինք հղումով, որը վարչապետն իր հայտարարության մեջ նշել էր, և հայտարարության հղմամբ անցնելով՝ «Վերադարձի հիմնադրամում» օնլայն նվիրատվություններ կարելի էր անել աշխարհի ցանկացած կետից և անանուն։ Այսինքն՝ մենք ուզում ենք պարզել, տեսնել, թե որքա՞ն գումար է եկել թե՛ կուսակցությանը, թե՛ հիմնադրամին, որքա՞ն են եղել անանուն, որո՞նք են եղել, օտարերկրյա պետություններից ովքե՞ր են եղել, Հայաստանի քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձանցից, որպեսզի կարողանանք բացառել դրանց հետագա հոսքը հիմնադրամներից դեպի կուսակցության նախընտրական հիմնադրամ», - նշեց Պետրոսյանը։

«Այո»-ի քարոզչական կողմի լիազոր ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն արձագանքելով այս մտահոգություններին ասում է՝ ամբողջ դրամահավաքի գործընթացն է միտված եղել այդ թափանցիկության ապահովմանը։ Հովակիմյանն ասում է՝ դրամահավաքն օնլայն է եղել, մասնակիցները՝ տեսանելի։ «Իմ քայլ»-ի պատգամավորը հիշեցնում է՝ դրամահավաք-երեկոն կազմակերպել է ՔՊ կուսակցությունը, հայտարարելով, որ նպատակն է հոգալ կուսակցության ընթացիկ ու հանրաքվեի քարոզչության ծախսերը։

«Հասարակական կազմակերպությունների մոտ էս նոր մշակույթին, իրենք էլ ուղղակի չեն ադապտացվում էդ նոր մշակույթին, երբ որ կուսակցությունն իր կարիքների համար ոչ թե ինչ-որ մեկից, մեկ գործարարից խոշոր գումար է վերցնում։ Ռիսկն այն է, որ այնտեղ կուսակցության նվիրատուների ցանկը սկսում է ասենք մեկը՝ 5000 դրամ, մեկը՝ 10, մեկը կարող է 1 միլիոն դրամ, բայց մի քանի հարյուր մարդիկ են։ Օտարերկրյա անձը չի կարող կուսակցության հաշվեհամարին նվիրատվություն կատարել, իրավաբանական անձը կարող է կուսակցության հաշվեհամարին նվիրատվություն կատարել։ Այդ գումարից մենք 100 միլիոնն ենք քարոզչության համար ծախսելու», - ասաց Վահագն Հովակիմյանը։

«Այո»-ի քարոզչական կողմի լիազոր ներկայացուցիչն ասում է՝ ՀԿ-ներն անհանգստանալու կարիք չունեն, ընդգծում է՝ նախկինում այսպիսի թափանցիկ դրամահավաքներ չեն եղել։

«Հասարակական կազմակերպությունները ի՞նչ էին նախկինում անում, իրենք չէին տեսնում երբեք գումարը որտեղից է, իրենք տեսնում էին ծախսը, մենք էդ գումարը ցույց ենք տալիս, թե որտեղից է, ու մենք էդ գումարը միշտ դրամահավաքներով ենք, այսինքն՝ եթե մեզ գումար է պետք՝ մեր քաղաքական ուժին, մենք դիմելու ենք գործարարներին, մեր ընկերներին, կազմակերպելու ենք դրամահավաք, իրենք գալու են իրենց հնարավորության, իրենց ցանկության չափով նվիրատվություն են կատարելու, և մենք մեր քաղաքական գործունեությունը դրանով կազմակերպելու ենք», - ընդգծեց նա։

XS
SM
MD
LG